пятница, 1 сентября 2017 г.

Միշտ նայիր դեպի վեր


Փոքրի՛կ, այսօր դու առաջին անգամ ոտք դրեցիր դպրոց, այնտեղ, ուր քեզ պիտի գիտելիք տան, օրինակ ծառայեն, դարձնեն կիրթ: Դու վառվող ու լուսե աչքեր ունես, քո մեջ մարդկություն կա, գիտե՞ս, աշխարհի ամենահզոր գիտելիքը այդ մարդկությունն է, կուզեի, որ այդ մարդկությունը ուղեկցեր քեզ ողջ կյանքում: Դու շատ դժվարությունների կհանդիպես, բայց պետք է կարողանաս պատվով հաղթահարել դրանք: Կհանդիպես նաև շատ անարդարությունների և տգիտության, որոնց համար մեղավոր եմ նաև ես: Հուսով եմ, քո մեջ կգտնես ուժ, ներելու համար, նաև չարությանը բարությամբ պատասխանելու: Դու դեռ փոքր ես, ու շատ բան չես գիտակցում: Դու լցված ես սիրով ու բարությամբ, լավատեսությամբ, ամեն դեպքում չկորցնես այդ լավատեսությունը, դա միակ երաշխիքն է քո հաղթանակի: Աշխարհը, ցավոք ուզում է, որ դու ավելի անկիրթ լինես, քան գրագետ, անկիրթների ամբոխին հեշտ է կառավարելը: Բայց իմ սերունդը ամեն ինչ կանի, որ դու կրթվես, կրթվես ճիշտ ու դառնաս պիտանի մարդ հայրենիքիդ և աշխարհի համար: Միայն խնդրում եմ քեզ, որ չտրվես անպտուղ հաճույքներին և սպառես քեզ: Ուժ գտնես քո մեջ, բարին ու չարը տարբերելու, կառուցումը ու համախմբումը կեղեքումից ու մասնատումից զանազանելու, խոհեմ լինելու, անվերջ զարգանալու ու վեր բարձրանալու, ասպետ լինելու: Մենք քեզ շատ ենք սպասել, այնքա՜ն երակար..., մեր Փոքրիկ Մհեր:

понедельник, 28 августа 2017 г.

Խոսում է Հայրենիքը

Տղերք, ինձ արդեն քսանվեց տարի է ազատել եք կապանքներից, բայց այնպես եք չարչարում, որ չեմ կարողանում զարգանալ, հզորանալ:

Չնայած իմ մյուս կեսը դեռ չեք ազատել ու ես դեռ փոքր եմ, այդուհանդերձ իմ տված բարիքները քիչ ՉԵՆ: Բայց դուք այնպես եք լափում ու կեղեքում ինձ, որ չեմ հերիքում ձեզ, մինչդեռ կարող էի պահել երկու անգամ ավելի շատ մարդու: Դուք անասնաբար հատում եք անտառները, վերացնում կենդանիներին, ձկներին, թռչուններին: Դուք գրոշներով վաճառում եք հանքերը ուրիշներին, խախտում իմ բնության առողջ շրջանառությունը: Դուք ամբողջ մարմինս պատել եք աղբով, ամեն ծառի տակ խոզի պես պղծել եք ու հանգիստ խղճով հեռացել: Տանջահար եք արել դարերով եկած իմ մաքուր մշակույթը, նրա մեջ խառնելով քոչվորների անկիրթ ցածրականը: Օտարներից վերցնում եք միայն կենդանականը ու քանդողը: Դուք պղծում եք անգամ իմ անունը, օտար երկրներում, գողություն անելով, պահելով ձեզ լպիրշ ու չտեսի պես: Եվ ահա այսօր դուք բողոքում եք, որ ձմեռը ցուրտ էր ու չտեսնված երկար, ամառը շոգ էր ու չորային, անտառները վառվեցին: Բողոքում եք, որ տարօրինակ կերպով վթարները շատացել են, կրակում են հերոսներիդ արձաններին, օդը պխտորվել է, ջուրը անմաքուր է և այլն: Կներեք, բայց դուք իրո՞ք այդքան միամիտ եք, որ չե՞ք գիտակցում պատճառները: Ու՞ր պիտի գնար այդ կեղեքման բացասական էներգիան, ու՞ր պիտի չքանար այն ատելությունը, որ տածում եք անգամ միմյանց հանդեպ, ու՞ր... Այո սև ամպի նման կախված է իմ ու ձեր գլխին, և մի օր շատ ավելի վատ է լինելու, հավատացե՛ք: Միակ լույսը այս ամենի մեջ, այս նոր սերնդի հետ եկած ճշմարտությունն է, որ տեսնում եմ շատերի մեջ: Ես տեսնում եմ, մարդկանց, որ բարձրանում են իմ գագաթները ու շնչում ինձ, իրենց ամեն քայլով մաքրում ձեր թափած աղբը ամեն քարի ու թփի տակից, այնպես հոգատար: Ամեն սրբավայրից, որ աղտոտեցիք եսական ու կեղծ աղոթքով: Տեսնում եմ, ոնց են պայքարում ամեն մի ծառի համար, ամեն մի քարի: Ելքեր են փնտրում իմ ապագան ավելի գեղեցիկ դարձնելու համար: Տեսնում եմ, ոնց են դրոշս ծածանում օտար երկրներում, միջազգային մրցույթներին, մի տեսակ հպարտորեն: Տեսնում եմ, ոնց են իրենց կյանքը զոհաբերում, ինձ ու ձեր համար: Տեսնում եմ, ոնց են դպրոց գնացող շատ մանուկներ սկսում սիրել գիտելիքը, սիրով կրթվում: Տեսնում եմ, ոնց են վերակենդանացնում իմ հզոր պարերը, իմ կոմիտասյան մեղեդիները, իմ Սասմա ոգին: Տեսնում եմ անգամ, թե ինչպես են ոմանք դրսից բերում նաև լավ արժեքներ, նորը՝ կառուցող գաղափարներ ու ուսմունքներ: Եվ ահա փաստորեն մի Հայկի ու մի Բելի պայքար է գնում նաև իմ ներսում, աննկատ, բայց ահարկու: Վիրավոր արծվի նման փափագում եմ ՀԱՅԿԵՐԻ հաղթանակը, որ նորից ճախրեմ: Ձեզ եմ հաղորդում իմ մեջ մնացած ամբողջ ուժը՝ լեռներիս խրոխտությունը, ջրերիս մաքրությունը, քամիներիս երգը, դարերիս խորությունը, չծնկած պատիվս ու ինձ համար կյանքը տված հերոսների պատգամը. -Ես ուզում եմ, որ դու լինես թագավոր սերունդ: Քանի դեռ գետափին ես, տկար ես: Անցար, կեսար ես: Անցի՛ր, հա՛յ երիտասարդություն, անցի՛ր Ռուբիկոնը, որի հանդիպակաց ափին քեզ հաղթության դափնին է սպասում:

четверг, 17 августа 2017 г.

Հայի տականքը անմրցելի է


Օրեր առաջ ընկերոջս՝ Արշակի հետ ուղևորվել էինք Սյունիք՝ հաղթահարելու երկար սպասված Խուստուփ լեռը (3201 մ) : Այս լեռը շատերի մոտ երկու խորհուրդ ունի՝ որպես լեռ՝ բարձունք և որպես Նժդեհյան ուխտատեղի: Գագաթից մոտ 150 մետր ներքև մի փոքրիկ քարայր կա, որտեղ, ըստ պատմածների, Նժդեհը օրեր շարունակ ճգնել է Զանգեզուրի մարտերից առաջ: Գագաթի մոտ է գտնվում նաև Նժդեհի կիսանդրին, որտեղից բացվում է տեսարան դեպի Սյունյաց լեռնաշխարհը: Եվ ահա, երկօրյա ուխտագնացությունը մեզ հասցրեց գագաթի շեմին՝ կիսանդրու մոտ, և այն սպասումը, որ մեզ ուղեկցել էր դեռ Երևանից դուրս գալիս, վերացավ. Նժդեհի կիսանդրու վրա մարտական փամփուշտի անցքեր էին բացված:

Վլադիմիր Բադալյանը, որ իր ընկերոջ՝ Համլետի հետ գագաթին էր, պատմեց, որ սա արդեն չորրորդ անգամն է կրկնվում: Առաջինը եղել է 2002 թվականին, երկրորդը՝ 2004 թվականին, երրորդը՝ 2009 թվականին և արդեն ութ տարի է նման դեպք չէր գրանցվել, և,ահա՛, այս անգամ արդեն մարտական փամփուշտներով: Վլադը գրեթե ամեն տարի շինանյութով գնում է այնտեղ և կարգի է բերում Սպարապետի կիսանդրին և շուրջը: Պիտի անպայման նշեմ, որ հիմնականում սեփական միջոցներով: Հիմա ուզում եմ անրադառնալ հուշարձանի վրա կրակ բաց անողներին: Այս օրերի մտատանջումները մի քանի վարկածի են բերել: - Դա կարող էր անել որսորդների մի խումբ, գինովցած, առանց հասկանալու հուշարձանի կարևորությունը, անծանոթ լինելով Նժդեհի կյանքին ու գործին՝ անկիրթ ու բարոյազուրկ կյանք վարող մարդիկ: - Կարող էին անել տեղացի կամ ոչ տեղացի հականժդեհականներ, որոնք իրենց համոզմունքներում հստակ նշում են, որ Նժդեհը դավաճան էր: Այդպիսիք, հավատացե՛ք, պատահում են, ինձ էլ են պատահել: Կա՛մ հավատավոր կոմունիստներ են լինում, կա՛մ նրանց ժառանգները, ում Նժդեհը զոռով հանել էր ինքնապաշտպանության: - Երրորդ տարբերակը քիչ հավանական է, բայց ոչ բացառելի: Գուցե ինչ-որ թշնամական երկրից պատվերի արդյունք է, որը մեծ հաճույքով իրականացնում են նրանք, ովքեր պատրաստ են վաճառել անգամ սեփական մորը: Օտարերկրացիների դեպքը բացառում եմ, քանի որ ոչ մի այլազգի չէր կարողանա զենքով հայտնվել Սյունիքի սրտում՝ սահմանից շատ հեռու և առանց տեղացի ուղեկցորդի: Ամեն դեպքում, եթե իրականացնողի ձեռքը ընկնի այս հոդվածը, թող տեղեկանա, որ շուտով դիմացի ժայռին, այնպիսի տեղ, որ իր ավտոմեքենան հաստատ չի հասնի, արևային մարտկոցով տեսախցիկ է տեղադրվելու: Էլ չենք պատրաստվում սպասել Օպերային թատրոնում շոգեբաղնիք կառուցող մշակույթի նախարարներին կամ Հանրապետական կուսակցությանը, որն իբր նժդեհյան գաղափարների վրա է կառուցել իր գաղափարախոսությունը, բայց վարվում է ճիշտ հակառակ: Մեկ էլ տեղեկացնեմ, որ ամեն տեղեկացող ջերմորեն բարևում էր ձեր ծնողներին և ձեզ, սրբապի՛ղծ տականքներ: Նժդեհը կասեր. -Հայի տականքը անմրցելի է...

пятница, 4 августа 2017 г.

Ձեր անհոգ աչքերը...




Երիտասա՛րդ... Այսօր նայում եմ քո աչքերին և մեր վաղը վտանգված եմ տեսնում: Որքա՜ն ըմբոստություն ու կրակ կա քո աչքերում, ըմբոստություն, որ ինքդ էլ չգիտես թե ում է ուղղված և ինչի համար: Այսօր քեզ շղթայել են ազատություն կոչվող կապանքներով և դու ինքդ ավելի ու ավելի ես մխրճվում այդ շղթաների մեջ՝ չգիտակցելով դրանց կործանիչ, ավերիչ լինելը: Դու կարծում ես, որ այդ գռեհիկ ազատությունն է մարդկության ապագան, մինչդեռ Լյուցիֆերի զորքը երկար, շատ երկար է ջանացել, որ դու այդպես կարծես: Ազատություն, որ վաղուց դուրս է բնական ազատությունից, ազատություն որ իր մեջ չի պարունակում տիեզերական ներդաշնակություն, ազատություն որ բերում է անվերջ մասնատման: Մտածողություններ են մասնատել այդ ազատությամբ, հասել են ընտանիքին, արդեն տասնամյակներ շարունակ այդ ազատությունը ընտանիքներ է կործանում։ Մինչև անգամ այսօր ներխուժել են մեր ներսը և մեզ ներսից են փորձում կիսել, մասնատել: Քեզ զրկել են իդեալներից, իսկ դու չգիտես անգամ, թե ինչի համար են այդ իդեալները: Այսօր դու փորձում ես նմանվել ինչ-որ արհեստական կերպարների, կամ փորձում ես տարբերվել մյուսներից՝ անվերջ փնտրելով միջոցներ, միջոցներ, որոնք քեզ կդարձնեն յուրօրինակ, բայց արդյո՞ք կերջանկացնեն քեզ: Արհեստական խնդիրներով քո աչքերը կապել են վաղուց, որ չտեսնես քո իրական խնդիրները: Դու չունես հստակ կյանքի փիլիսոփայություն, որով պիտի առաջնորդվես քո անհատի կյանքը կառուցելիս: Մի «լավ» միտք են առաջ քաշել, թե ամեն ոք իր սեփական փիլիսոփայությունը ունի: Եվ այս միտքը կրկնում է փողոցում քայլող մարդկանցից ամեն երկրորդը՝ չիմանալով փիլիսոփայության, ասել է թե իմաստասիրության իմաստն ու նպատակը: Եվ ո՞րն է այդ նպատակը, որ կարող է բոլորիս համար ընդհանուր լինել, միթե՞ այս դարում կարելի է գտնել նման մի նպատակ: Փաստորեն կարելի է, քանզի աստվածային՝ տիեզերական, օրենքներն ու նպատակները ո՛չ ծերանում են, ո՛չ իմաստազրկվում: Ժամանակը անզոր է ինչպես նրանց, այնպես էլ նրանցով առաջնորդվող հոգիների հանդեպ: Մեր բոլորիս գերնպատակը պիտի լինի զարգացումն ու ինքնակատարելագործումը: Մի բան, որ իր մեջ ներառում է անհատի ճշմարիտ վերելքը և ձեռք բերածը ընդհանուր բարօրությանը ծառայեցնելու աստվածային կարողությունը: Զարգացում ինքնահաղթահարման ճամփով, և ոչ երբեք ինքնաբավարարվածության: Սեփական թուլությունների ու ակնթարթային հաճույքների հաղթահարումը մեզ անվերջ ուղեկցում է դեպի վեր, իսկ դրանց բավարարումն ու հագեցումը, մեզ ավելի ու ավելի խոցելի և թույլ է դարձնում, ընդհատում է մեր վերելքը: Եվ, ահա՛, այսօր մեզ սովորեցնում են և հնարավորություն են տալիս դյուրին կերպով հագեցնել մեզ, ամեն օր, ամեն վայրկյան: Անգամ մեր մեջ ստեղծում են արհեստական կարիքներ, որոնց ստիպված ենք լինում կրկին ու կրկին բավարարել: Մեզ ասում են, որ կյանքը կարճ է, պետք է հնարավորինս վայելել, բայց կյանքը կարճ լինել չի կարող, քանի որ այն անհատելի է, իզուր չեն կոչել մարդկանց անհատներ, այսինքն չընդհատվող, անվերջ գոյություն ունեցող հոգիներ: Բայց այսօր մեր անհատությունը ուզում են փոխարինել վերջավոր մի անձով: Եվ երբ մարդուն, որ անմահ հոգի է և բազում կյանքեր է ապրում, զարգանում, կատարելագործվում այդ կյանքերի ընթացքում, կտրում են իր հավերժությունից և փորձում տեղավորել մի կյանքի մեջ՝ ամեն բան խախտվում է։ Թումանյանը պիտի գրեր՝
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ. Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ, Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:
Դու տեղյակ չես այս ամենից, բայց քո ուսերին այնպիսի ծանրություն կա դրված: Դո՛ւ պիտի կարգավորես քո ներսը, դո՛ւ պիտի կարգավորես քո շուրջն ու շրջապատը, դո՛ւ պիտի պաշտպանես քո տեսակը, քո տունը հերթական հարվածներից, դո՛ւ պիտի արդար վրեժի սուրը վերցնես ու քո հայրենիքը ազատես, վերադարձնես ու շենացնես: Եվ քո զենքը պիտի լինի ճշմարտությունն ու խոհեմությունը, անմնացորդ նվիրումը: Այս ամենի հետ մեկտեղ դու պիտի զորես համաշխարհային խնդիրներ լուծել, քանզի ճգնաժամի մեջ է ողջ մարդկությունը և այս ամենը պիտի անես դու, որ հիմա միամիտ ժպիտով կարդում ես ու խենթություն, հեքիաթ համարում այս ամենը: Եվ քանի այդպես կհամարես, շուրջդ անընդհատ աղետներ ու ավերածություններ կլինեն, որոնց համար պատասխանատու ես նաև դու: Բայց նայում եմ քո անհոգ աչքերին և …














вторник, 25 июля 2017 г.

Ընկեր Գինոսյանը և դուք



Օրեր առաջ լրատվականներում սկսեցին լուրեր պտտվել, որ «Սասնա Ծռեր» անվանումով համախմբման ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը, բանտից Գինոսյան Գագիկին կոչ է արել կողմնորոշվել: Առաջին հայացքից կասկածելի էր թվում այս հրապարակումը, բայց երեկ նույն կառույցի անդամ Գարեգին Չուգասզյանը, որը հետախուզման մեջ է, բայց կասկածելիորեն կարողանում է ամեն ժամ հրապարակմամբ հանդես գալ, հաստատեց և շարունակեց իր գործընկերոջ միտքը: Որոշել էի չանրադառնալ այս հարցին, բայց լսե՛ք… Գագիկ Գինոսյանին ճանաչում եմ արդեն երկար տարիներ, և բախտ եմ ունեցել տեղյակ լինել վերջին տարիների գրեթե բոլոր գործողություններից: Տեսել ու զգացել եմ նրա բոլոր ապրումները, մտահոգությունները, քրտնաջան աշխատանքն ու անձնազոհ ներդրումը: Կարող եմ վստահեցնել՝ ցանկացած գործողություն ուղղված է եղել պետականաշինությանը և ազգափրկությանը: Սկսած ինձանից, այս մարդը ներդրում է ունեցել հազարավոր, կրկնում եմ հազարավոր երիտասարդների ու պատանիների գաղափարական կողմնորոշման մեջ: Այդ հազարավոր մարդիկ այսօր գործում են ամենատարբեր ոլորտներում՝ բանակից մինչև կրթական համակարգ: Եվ ահա այսօր, նրան կողմնորոշվելու կոչ են անում մարդիկ, ովքեր մի քանի անգամ, հստակորեն ժողովրդին ուղղեկցեցին դեպի հուսալքում: Չեմ ցանկանում հարվածել կամ նսեմացնել մարդկանց, ովքեր չտեսան ելքը այն վիճակից, որում հայտնվել ենք և դիմեցին կտրուկ ծայրահեղ քայլերի: Իրենց արարքը համարելով անկարողության ճիչ, ինքս շարունակ ներկա եմ եղել խորենացի փողոցում ծավալվող իրադարձություններին և փորձել եմ իմ կարողության չափով օգտակար լինել ճիշտ հանգուցալուծմանը: Բայց այսօր, փաստորեն, շարունակելով նույն ոճի մեջ հանդես գալ, իրենց սլաքը ուղղել են այն քիչ իրական մտավորականների վրա, որոնք սեր ու հարգանք են վայելում ոչ թե արկածային քայլերի գնալով, այլ իրենց ողջ կյանքի ընթացքում հավատարմորեն և խոնարհաբար ծառայելով ազգի վերելքին:
Համոզված կարող եմ պնդել, որ այս քայլը ավելի վնասեց իրենց, քան իրենց ընտարծ թիրախին: Դուք ձեր մեկուսացման վերջին մեխերն եք գամում ձեր անմիտ արարքներով: Ձեզ թշնամի մի՛ դարձրեք մի մեծ զանգվածի, ով մեղվի նման անձայն աշխատում է, օրեցօր, տարի առ տարի երկիրը այս փոսից հանելու սրբազան գործի վրա: Հավատացնում եմ, որ մեր բանակը փոքր չէ, իսկ հարվածները շատ ավելի ցավոտ են լինում: Բայց մինչդեռ դուք առաջնորդվում եք՝  «Ով մեզ հետ չէ, մեր թշնամին է» կարգախոսով, մենք հավատարիմ ենք Նժդեհի՝  «Ամեն հայ դա դու ես, ճակատագրի եղբայր է ամեն մի հայ» կարգախոսով: Ի դեպ, Նժդեհը Ստալինին ուղղված նամակ ունի, եթե չեք կարդացել, գուցե նրա՞ն էլ համարեք չկողմնորոշված: Ուշքի՛  եկեք, այն անվաննումը որը ընտրել եք՝  «Սասնա Ծռեր», իր մեջ բազում լուծումներ է պարունակում, դուք կամաց նմանում եք Բաղդասարի ճյուղին, որը այդպես էլ անպտուղ մնաց․․․
Բաղդասար ասաց.— Չէ՛, ես դու տի կռվենք,
Ես դու տի կուշտի կպնենք, իրար զարկենք։
Սանասար Ասաց.— Աղբեր, ես չե՛մ զարկի քեզի.
Դու զարկի՛, ինձի սպանի՛։
Ինչքան ասաց, հնարք չէղավ աղբոր հետ։ —
Ինչու որ էնիկ հաստակող էր, էրակ ծուռ էր.
Էնոր կ’ասեին Ծուռ Բաղդասար։

Հատված Սանասարի և Բաղդասարի զրույցից, որի շարունակությունը գիտեք ինքներդ, և գիտեք թե ում սերունդը ծիլ տվեց…


воскресенье, 23 июля 2017 г.

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՄԱՆ ԳԱՆՁԵՐ ԷԼ ԿԱՆ





Վերջին տարիներին շատ է խոսվում Հայաստանի տուրիզմը զարգացնելու մասին, բայց փաստացի ինչպես կառուցում ենք մեր ներքին անցուդարձը, նույն կերպ վերաբերվում ենք այս ոլորտին։ Վերցնում ենք ինչ-որ երկրների փորձը և անկիրթ պատճեն ենք անում, ինչպես կրթությունը, տնտեսության զարգացումը և այլն: Մինչդեռ չենք հասկանում մի պարզ բան, որ յուրաքանչյուր երկիր ունի իրեն յուրահատուկ մշակույթը, դիրքը, բնական ունեցվածքը և հնարավորությունները: Տուրիզմը զարգացնել չի նշանակում շեշտել մի քանի տասնյակ վանքեր, բերդեր և գագաթներ և անմիտ շեշտադրում անել դրանց վրա: Չի նշանակում ցանկացած փառատոն վերածել կերուխումի կամ փարթիի: 
Այսօր մենք ձեռքից կորցնում ենք մեր թաքնված գանձերը, որոնք տարեց տարի ավելի վատ վիճակում են հայտնվում: Ոլորտի խնդիրները իջեցրել ենք հիգիենայի կետերի տեղադրման մակարդակի, լուրջ չէ հայե՛ր: Պետք է բացահայտել ու խնամել այն յուրահատուկ հուշահամալիրենրը, որոնք կարող են լուրջ հետաքրքրություն առաջացնել բոլորի մոտ, ընդհուպ մեր՝ հայերիս: Շատերն անգամ շփոթում են ներքին տուրիզմը ներգնա տուրիզմի հետ: Սնկի պես բուսնած տուրիստական կազմակերպություններից շատերը անգամ տեղյակ չեն, որ Հայաստանում Տուրիզմի կոմիտե գոյություն ունի:Եթե գիտակցում ենք, որ այս ոլորտը մեզ պետք է, ուրեմն, եկե՛ք խնդիրները ուսումնասիրենք ամբողջ խորությամբ և բերենք պատշաճ մակարդակի: Այդ ներուժը մենք ունենք: Պետք է ոչ թե ոլորտը իջեցնել շուկայական վիճակների, այլ ճիշտ հակառակը՝ բարձրացնել մշակութային աստիճանի, այսպես միայն կշահենք:
Այսօր գրող, հնագետ Վահան Տեր-Ղազարյանի խորհրդով ևս մեկ անգամ հետախուզեցինք այս թաքնված հրաշքը, որ փլուզման եզրին է, բայց համոզված եմ շատ շատերը չգիտեն անգամ, թե քարայրը որտեղ է գտնվում:


среда, 31 мая 2017 г.

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻ ԵՐԿԻՐ




Այսօր բոլորը խոսում են Հայաստանում տուրիզմի զարգացման մասին, որպես առանցքային միջոց, տնտեսական ճահճից դուրս գալու համար: Պետք է արձանագրենք, որ մեր հանրապետությունն ունի տուրիզմը զարգացնելու բոլոր նախադրյալները՝ սկսած պատմամշակութային համալիրներից,  մինչև բնական ռեսուրսներ: Չենք կարող չնկատել նաև այն փաստը, որ արևմտյան`հատկաապես եվրոպական թևը, առաջիկա տարիներին իրենց ճանապարհորդների համար Հայաստանը տեսնում են շատ հարմար թիրախ: Այդուհանդերձ, մենք չենք կարողանում ճիշտ օգտագործել մեր հնարավորությունները և տուրիզմի համար ստեղծված արդյունավետ ժամանակահատվածը: Պետք է նկատենք մեր պատմամշակութային կառույցների անմխիթար վիճակը, որոշ ընտրվածների ոչ ճիշտ մշակումը, գրեթե բոլոր վայրերում հիգիենայի կետերի բացակայությունը, ախտոտված շրջակայքը, կառույցների շրջակայքում անշուք կազմակերպված չարչիական առևտուրը և այլն: Սրանք ծեծված թեմաներ են, որոնց կարծես կամաց-կամաց փորձում ենք անրադառնալ: Բայց եկե՛ք խոսենք ավելի կաևոր բաների մասին: Ի՞նչ է տուրիզմը և ինչպե՞ս կարելի է այն օգտագործել պետական խնդիրներ լուծելու համար: Տուրիզմ ասելիս, մենք առաջինը մտաբերում ենք հանգիստ, ճանապարհորդություն, շրջագայություն, պատմամշակութային կոթողներ, բնություն և այլն:
Ընդհանրապես տուրիզմի ոլորտները բազմաթիվ են, բայց ընդհանուր առմամբ ճանապարհորդներին կարելի է բաժանել երկու մասի. նրանք, ովքեր ընտրում են հաճույքներով լի, ժամանակակից աշխարհին բնորոշ գծերով վայրեր,  օր.՝ լողափնյա՝ Դուբայ,  Հունաստան, Իսպանիա և այլն, կամ ավելի քաղաքային՝ Լաս-Վեգաս, Դիսնեյլենդ ու նման վայրեր: Շատ են նաև այս ոլորտում նրանք, ովքեր սիրում են լինել առաջադեմ երկրների մայրաքաղաքներում և մեգապոլիսներում:
Ճանապարհորդների երկրորդ տեսակը ավելի արկածային է, նրանք սիրում են լինել անցյալում, ուսումնասիրել տվյալ տեղանքի էթնիկ երևույթները՝ ճարտարապետություն, ապրելակերպ, ավանդույթներ, բնության առանձնահատկություններ, խոհանոց ու նման բաներ: Այս տիպին են պատկանում նաև լեռնագնացները, վրանային ու քայլարշավային տուրեր նախընտրողները: Կարծում եմ՝ դժվար չէ ենթադրել, որ Հայաստանը իր հնարավորություններով տիպիկ է երկրորդ տեսակին: Նախ արձանագրենք, որ եթե անգամ շատ ցանկանանք, միևնույն է առաջին տիպի շրջագայողներին գրավելու ոչինչ չունենք: Ո՛չ ծով, ո՛չ ժամանակակից զվարճանքների մեծ կենտրոններ, ոչ էլ, ցավոք, աչքի ենք ընկնում պատմական ճարտարապետություն ունեցող մեգապոլիսներով: Իսկ երկրորդ տիպի ճանապարհորդներին, մենք ավելի քան կարող ենք բավարարել: Բայց դա անելու համար, մեզ անհրաժեշտ է վերջնականապես գիտակցել, որ կարիք չկա լղոզելու այս երկու ճյուղերը. դա ի վնաս մեզ է: Պետք է ընդամենը աչքի լույսի պես պահենք մեր պատմամշակութային համալիրները, վայրի (բնական) ու մաքուր պահենք մեր բնությունը, հստակեցնենք մեր խոհանոցը ու մշակույթը: Եկե՛ք առանձին-առանձին անրադառնանք սրանց.
1. Պատմամշակութային համալիրները Հայաստանում անթիվ են: Բայց մենք ընտրել ենք սրանցից մի քանիսը, նրանց շուրջ կառուցել տվյալ կոթողից ավելի մեծ ու անճաշակ ռեստորաններ, հյուրանոցներ և այլն: էլ չեմ նշում որոշ հուշահամալիրների անգրագետ ու տգեղ վերականգնումը: Եվ մեր հյուրերին անպայման ուղեկցում ենք այդ նույն տասից-քսան հուշահամալիրներ: Իսկ մնացած վայրերը անտեսված ու լքված են: Վանքերի վրա ծառեր են աճում, շուրջը աղբանոց է ու չկան հիգիենայի կետեր: Նման մոտեցումը մեծ հարված է հասցնում մեր տուրիզմին: Մենք չենք կարողանում շեշտել այն, ինչը բերել է ճանապարհորդին մեր երկիր:
2. Ի հակադրություն մեր Հանրապետության փոքր տարածքի,  բնությունը անչափ բազմազան է ու գրավիչ: Այստեղ կրկին ունենք նույն խնդիրը: Բոլոր հետաքրքիր ու գեղեցիկ վայրերում փորձում են ինչ-որ հացատներ ու հյուրանոցներ կառուցել, մինչդեռ դրանով վանում ենք ճանապարհորդին: Նրանք համոզված պնդում են, որ չեն գալիս հացատուն տեսնելու, իրենց երկրներում դրանց ավելի լավ օրինակները կան, իրենք գալիս են վայելելու մեր յուրօրինակ բնությունը, ինչը մեզ մոտ ահավոր անխնամ վիճակում է: Բոլորս գիտենք, որ այս վերջին ամիսներին շրջանառվում է Գոշի լճի վարձակալությունը և շրջակայքը կառուցապատելու թեման: Սա ուղղակի բարբարոսություն է բնության նկատմամբ:




Էկոտուրիզմ ասվածը ամբողջ աշխարհում ընդունված է համարել վայրի բնության օժանդակում: Էկոտուրիզմով աչքի են ընկնում՝ Շվեցարիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Ճապոնիան և այլն: Մենք ունենք բոլոր նախադրյալները լինելու այս շարքում և ուղղակի անմտություն է փչացնել այն ամենը, ինչ ունենք:
 3. Ինչ վերաբերում է մշակույթին: Այս հարցը շատ խորքային է և ցավոտ: Ցանկացած երկրում հայտնվելիս մեզ հրամցնում են այդ երկրի բոլոր դրական որակները, մշակույթը, ամեն բան ամբողջության մեջ: Մեզ մոտ եկողները լսում ու տեսնում են ամեն ինչ, բացի մեր ազգայինից: Եվ նրանք այդպես էլ չեն տեղեկանում, որ մենք ունենք տիեզերական երաժշտություն, հզոր պարեր, գեղեցիկ ավանդույթներ, մեծ խոհանոց և այլն: Նրանք լսում են արաբաթուրքական ելևէջներով և հայերեն բառերով անորակ երաժշտություն, հյուրասիրվում են խորովածով, առավելագույնը՝ տոլմայով, լինում են պատմության թանգարանում, մատենադարանում և սահմանափակվում նման սխալ ու խղճուկ ինֆորմացիայով: Պետք է նկատենք ու հասկանանք, որ ճիշտ ու գրագետ կազմակերպված տուրիզմը նաև մարտավարական խնդիրներ է լուծում: Զարգացած տուրիզմ ունեցող երկրներին պատերազմը ավելի քիչ է սպառնում: Իհարկե չի կարելի անտեսել նաև տնտեսական թևը, միայն գրագետ կազմակերպված տուրիզմով կարելի է պետությունը պահել, բայց ցավոք, այսօր մենք չենք գիտակցում այս ամենը: Մենք շատ ժամանակ չունենք, եթե հապաղեցինք, ստիպված կլինենք ճանապարհորդ անվանել Իրանից եկած անկիրթ ու հաճույքներ փնտրող զանգվածին:


воскресенье, 28 мая 2017 г.

ՀԱՂԹԱՆԱԿ, ԲԱՅՑ ՇԱՏ ԴԱՐԵՐ ԱՆՑ



  Այսօր բոլորը խոսում են առաջին հանրապետության և Սարդարապատի հաղթանակի մասին, բայց մեծ մասը չի գիտակցում այդ մայիսյան ֆենոմենը:        Նախ պիտի վերջնականապես հասկանանք, որ երրորդ հանրապետությունը իր անկախությունը ժառանգել է առաջինից և սա անհերքելի փաստ է: Եթե մինչ ԽՍՀՄ կազմ մտնելը չկարողանայինք անկախանալ, այժմ պիտի ունենայինք Կարսի, Ջավախքի կամ Նախիջևանի կարգավիճակը, իսկ ազգը առավելագույնը այսօրվա ապստամբ քրդերի ճակատագիրը: 
  Ամբողջ աշխարհի եզակի օրինակներից մեկը, եթե ոչ միակը: Երբ մի ազգ, դարավոր ստրկությունից հետո, որոշում է վերականգնել իր երբեմնի ազատությունն ու կամքը, և նրա մոտ ստացվում է: Ստացվում է հաղթահարել նույն թշնամու արգելքները, առանց որևիցե օգնության, դեռ հակառակը: Ընդամենը երեք տարի առաջ իր որդիներին դաժանաբար մորթված տեսնելուց հետո, առանց դասական պատրաստության ու մեծ ուժերի: Կարողացան հաղթել մարտում, որովհետև մինչև մարտի գնալը, արդեն հաղթել էին իրենց միջի վախը, իսկ այդպես վարվողները հաղթանակել ու հաղթանակում են միշտ, աշխարհի յուրաքանչյուր ծայրում, պատմության ամեն վայրկյանին: Նժդեհը պիտի գրեր՝
  -Մայի՜ս 28-ը:
Այդ օրը հայությունը հագավ իր փառքի ու հզորության ծիրանին և բազմեց ազատ ու անկախ ազգերի կողքին: Եվ Արարատյան արևը երկիրը դիտելիս, ասաց այդ օրը` «ահա՛ մի թագավոր ժողովուրդ ևս, որը ստրուկ էր երեկ»:

  Սարդարապատը մեզ հիշեցրեց, որ կարելի է հաղթել, անկախ կարգավիճակից, անկախ քանակից և արտաքին ուժերից: Եվ չնայած այսօր մեզ պարտադրում են հիշել ու նշել միայն տխրության ու կորստի ժամերը, այնուամենայնիվ Սարդարապատում վերածնված հայը այլևս չի ստրկանա: Ընդամենը մեկ դար է անցել, բայց արդեն հասցրել ենք երկու հաղթանակ կերտել, զուգահեռ ծաղկել ու շենանալ: 
  Երբ վերջնականապես գիտակցենք միասնականության ուժը, արդար պայքարի անհրաժեշտությունը և ճշմարիտ գործելու կարևորությունը, այդժամ մենք կդառնանք անպարտելի: Ընդամենը պետք է հասկանալ, որ այս մեծ նավում, որ կոչվում է հայրենիք, մենք բոլորս ակամա նավաստիներ ենք: Եվ մեզնից է կախված կխորտակվի նավը, թե ոչ, կհասնի իր փարոսին, թե կմնա քամու և ծովի ալիքների քմահաճույքին: Մեր կյանքը շատ ավելի մեծ է քան այն ես-ը, որի մեջ սահմանափակում ենք նրան, սեփական կարիքներից դուրս է իրական կյանքը: Այնտեղ, որտեղ քո կարիքը կա, այնտեղ դու կգտնես քեզ: Սարդարապատում հաղթանակած մեր պապերը գիտակցեցին դա, և մենք այսօր ունենք մեր սեփական նավը,  որը ամեն վայրկյան մեր հոգատարության կարիքը ունի:

  Իհարկե թերի կլիներ այս նյութը, եթե չավելացնեինք Պարույր Սևակի տիեզերական  «Սարդարապատը», որ դարձավ երգ և այլևս մեր սրտերում է:

Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար, Այսպես ծագեց, արեգակեց Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր, ղողանջեք, Սրբազան քաջերին կանչեք Այս արդար պատից: Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից:

Ավարայրից ջանք առանք, Այստեղ մի պահ կանգ առանք, Որ շունչ առած շունչներս տանք Սարդարապատի պատի տակ:

Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, Մենք չհանգանք՝ դեռ կգանք, Երբ տան զանգը, ահազանգը, Որ մեր հոգու պարտքը տանք:



Քաջերի սերունդները քաջեր են...



суббота, 20 мая 2017 г.

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՔԵԶ՝ ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ...



 Ժողովո՛ւրդ, 26 տարի առաջ դու առաջին անգամ ընտրության էիր երկար, շա՜տ երկար ստրկությունից հետո: Դու միաձայն ընտրեցիր նրան, ով կանգնած էր քո առջև ու քեզ հրաշալի ապագա էր խոստանում… Եղավ պատերազմ, զավակներիդ կեսն արտագաղթեց, կեսը նստեց իր տանը՝ տաքացավ  ծառերը հատելով, որովհետև քեզ գեղեցիկ խոստումներ տվողը նախընտրեց հոսանքը հողին հանձնել, որ ինֆորմացված չլինես: Հիշու՞մ ես` որքան կանաչ կար Երևանում: Եվ զավակներիդ միայն մի փոքր հատվածը գնաց ընդդեմ թշնամու ու իր կյանքի գնով պաշտպանեց քեզ, տունդ ու պատիվդ: Կեսն  անմահացավ, կեսն էլ վիրավոր վերադարձավ ու անտեսվեց: Հաջորդ անգամ դու հագար քո վերնաշապիկն ու գնացիր ընտրության 1996 թվականին, դու քվեարկեցիր ի հակառակ քո նախագահի, ում ինքդ էիր ընտրել: Որովհետև ամեն ինչ վատ էր. գործարանները փակվել էին, հաստոցները՝ վաճառվել, ոչինչ չկար նորմալ կյանք կառուցելու համար, և դու կարծում էիր, որ ամեն բանի մեղավորն ինքն է: Բայց նա ուժ կիրառելով մնաց իր աթոռին և միայն երկու տարի անց որոշ ուժերի ճնշման տակ ինքնակամ թողեց պաշտոնն ու հեռանալիս ասաց, որ վատ է լինելու: Ղեկավարի այդ ծայրահեղ պատասխանատու պաշտոնը թողեց մեկ այլ մարդու, ով կտրուկ տարբերվում էր իր ձեռագրով ու մտածողությամբ: Բայց շարունակվեց երկրի գահավիժումը: Արցախյան հարցը դեռ մնում էր, տնտեսությունը տկար էր, արտագաղթը շարունակվում էր, իսկ մեր երկրի հարստությունները շարունակ վաճառվում էին ուրիշներին: Դու հակառակ քվեարկեցիր նաև նրան, բայց նա տասը տարի ուժով մնաց այդ աթոռին: 2008 թվականին դու հագար քո վերնաշապիկն ու գնացիր քվեարկելու այն առաջինին, ում դիմակը վաղուց պատռել էիր՝ մտածելով, թե ընտրում ես չարյաց փոքրագույնին, իսկ քո մյուս հատվածն իր ձայնը գրոշներով վաճառեց գործող իշխանությանը: Դրանից հետո դու ևս երկու անգամ մասնակցեցիր քվեարկության, որտեղ քեզ կրկին ու կրկին գնեցին գրոշներով: Եվ, ահա հիմա՝ ինը տարի անց, այն առաջինն ասում է, որ ներկա նախագահը ճիշտ արտաքին քաղաքականություն է վարում: Մինչդեռ դու տեսնում ես, որ մեր վիճակն օրըստօրե վատանում է: Դու այլևս չես հավատում ոչ ոքի, բայց շարունակում ես վաճառել ձայնդ, արտագաղթել ու ինչ-որ ուժերից ակնկալիքներ ունենալ: Այսօր ես կրկին տեսա քեզ վերնաշապիկ հագած՝ այս անճաշակ թատրոնին մասնակցելիս: Անկեղծանա՛մ, ես չմասնակցեցի՛ քվեարկությանը, ես մերժեցի՛ այս վաղուց կապկացած ընտրությունը: Ես իմ ձայնը վաղուց տվել եմ նրան, ով առավոտյան վեր է կենում ու գնում աշխատանքի իր արդար քրտինքով ապրուստը ապահովելու: Նրան, ով դեռ արցախյան շարժման տարիներից պայքարում է մեր երկրի կառուցման ու շենացման համար, բայց երբեք չի գովազդում իրեն: Իմ ձայնն ու սիրտը վաղուց այն վիրավոր հաշմանդամինն է, ով մարտի դաշտում իր արյունով պահում էր քեզ, երբ թաքնվում էիր կամ փախչում: Ես իմ ձայնն ու կյանքը նվիրել եմ գալիք սերնդին, ով պետք է գա ու մերժի քո թուլություններն ու անվայել պահվածքը, քո անվստահությունը սեփական ուժիդ նկատմամբ: Ես քվեարկեցի Հաց Բերողին, երբ դու մի կտոր հացի համար վաճառեցիր պատիվդ: Ես իմ ձայնը տվեցի այն երիտասարդներին, որոնք քո թափած աղբն ամեն օր հավաքում են լեռներից ու գետափերից, սրբատեղիներից: Ովքեր գումար են հայթայթում, որ քո հատած անտառներում գոնե մի քանի ծառ տնկեն` անձայն, լուռ: Նրանց, ովքեր փորձում են վերականգնել այն անարատ ու ոսկեղենիկ մշակույթը, երբ դու հացատներում քո խնջույքներին ուրախանում ես արաբաթուրքական ելևեջների ներքո: Նրանց, ովքեր երկար կանգնում են փողոցում մինչև կանաչ լույսը վառվի, երբ դու նրանց հրելով անցնում ես շտապելով, շտապելով մի փոքր էլ բարելավել քո կյանքը, քո փոքրիկ ես-ի կյանքը: Ճիշտ մեկ տարի առաջ այս օրը ինձանից ավելի երիտասարդ տղաներ իրենց կյանքով կրկին պահեցին քո պատիվը, որից հաշված օրեր անց դու մոռացար ու կրկին քեզ թաղեցիր սրճարանային ու փաբային ծխի մեջ: Ես վաղուց էլ չեմ վստահում քեզ, ո՛չ թե իշխանություններին, այլ` քեզ, քանի որ երբ դադարես այսպես ապրել, հաջորդ ակնթարթին այս իշխանությունը գոյություն չի ունենա: Ես իմ ձայնը տվել եմ իմ գաղափարակիցներին, իմ ազնիվ պայքարող զինակիցներին, կառուցող, արարող, բարին տվող ու սնող ԱԶԳԻՆ, ժողովո՛ւրդ:


суббота, 13 мая 2017 г.

ՀԱՅՈՑ ՎԵՐԱԾՆՎԱԾ ԲԱՆԱԿԻ 25 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑ ՆԱՄԱԿ ՊՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Հարգարժա՛ն պրն. նախարար, նախ, մինչև նկատելի խնդիրներին անրադառնալը, ցանկանում եմ շնորհավորել հայ ռազմիկի տոնը և շնորհակալություն հայտնել ՊՆ նախարարությունում աշխատող բոլոր անձնվեր սպաներին,ենթասպաներին և զինվորներին: Ստորև կներկայացնեմ մի քանի նկատելի ու շատ կարևոր խնդիրներ, որոնց լուծման դեպքում բանակում նկատելի փոփոխություններ կլինեն: 1. Լեզվաբանական խնդիրներ 25 տարիների ընթացքում այս ոլորտը քիչ է ուսումնասիրվել և աննկատ է մնացել: Ցավոք՝ մեր բանակում շատ տերմիններ մինչ օրս սովետական՝ ռուսական բանակի թարգմանություններն են, ինչը սխալ է: Բերեմ ընդամենը մեկ օրինակ, բայց դրանք բազմաթիվ են: Մեզ մոտ պատերազմը ազդարարում են «Տագնապ» բառով, որը թարգմանություն է ռուսերեն «тревога» բառից:«Տագնապ» բառին հոմանիշ են «իրարանցում»,«խուճապ» բառերը: Մի՞թե պատերազմ սկսելու դեպքում մենք պիտի խուճապի մատնվենք, շատ տարբերակներ կան, որոնք և՛ հայերեն են, և՛ ավելի համապատասխան, օրինակ. «Ի՛ զեն», «Մարտակոչ» և այլն: Ի դեպ՝ այսօր բանակում, տագնապ ազդարարելիս, հենց տագնապ էլ սկսվում է: Նույն ազդանշանը տրվում է «Արենա»-ով, կրկին ռուսերենից և կրկին խուճապի մատնող, մինչդեռ ռազմիկին պատերազմի տանող ավելի հնչեղ ու վեհ ազդանշաններ կարող են լինել, օրինակ՝ թմբուկի բամբ ձայները , կամ որևէ ռազմապարի համահունչ մեղեդի, որը կարթնացնի զինվորի մեջ ո՛չ թե խուճապ, այլ ոգեղենություն: Ինչո՞ւ չվերագտնենք մեզ, չէ՞ որ այդպես ավելի մարտունակ կլինենք: 2. Զինվորի սնունդը: Ամեն անգամ այս հարցին անրադառնալիս՝ գալիս ենք նրան, որ բանակի սնունդը համապատասխանում է բանակի բյուջեին, և, իրավ, այդպես է: Բայց բոլորս էլ ապրում կամ ապրել ենք այդ իրականության մեջ և բոլորս էլ կարող ենք փաստել, որ զորամասերի ճաշարանների ահռելի քանակությամբ մնացորդները բարձրաստիճան սպաները օգտագործում են զորամասերին կից ստեղծած իրենց փոքրիկ ֆերմաներում՝ որպես անասնակեր: Եվ ակամա հարց է ծագում, ինչո՞ւ զորամասերը իրենց կից չեն ստեղծում փոքրիկ ֆերմաներ, որտեղ կարտադրվի թարմ սննդամթերք, և զինվորը չի մնա շտաբից եկող սառեցրած և պահածոյացված մի բուռ մթերքի հույսին: Եթե անկեղծ լինենք, այդ ֆերմայում կարող են ծառայել հաստիքով այն տղաները, որոնք պիտանի չեն շարային ծառայությանը և այդ ֆերմայի գոյությունը գրեթե անվճար կլինի և անգամ բանակի բյուջեն կհամալրվի այն գումարներով, որով հիմա ենք կերակրում զինվորին: Առողջ սնունդը կարևոր նախապայման է առողջ զինվոր ունենալու համար: 3. Զինվորի հագուստը և կացարանը: Զինվորի հագուստն իր արտաքին տեսքն է, որով նա ներկայանում է իր զինակիցներին և հետևաբար նրա տգեղ կամ ոչ կոկիկ լինելը (ինչը բնավ կապ չունի մաքուր լինելու հետ), զինվորին թերարժեքության զգացում է հաղորդում: Եթե մենք ցանկանում ենք, որ մեր զինվորը լինի վեհ ու հպարտ, ապա պիտի նրան ապահովենք հարմարավետ և գեղեցիկ հագուստով: Ինչ վերաբերում է կացարանին, վերջինս նույնպես անմիջական առնչություն ունի զինվորի լիարժեքության զգացումի հետ և կապ չունի, թե ով ինչ տնից է գալիս, զինվորի տունը երկու տարի պետք է լինի զինվորին վայել: 4. «Պարապ զինվորը հանցագործ է» Այս կարգախոսը գործում է բոլոր զորամասերում և ուղղակի զավեշտալի է: Գիտե՞ք՝ մեզ ծառայության ժամանակ շատ հաճախ ամռանը տանում էին բահով խոտ քերելու, և մենք շաբաթներով խոտ էինք քերում: Երբ մի անգամ համարձակվեցի հարցնել հրամանատարին, թե կարող ենք արդյոք քաղաքից դեղ խնդրել, որը կդադարեցնի խոտի աճը, նա ինձ պատասխանեց, թե այդ դեպքում մենք ինչո՞վ պիտի զբաղվենք: Ես հասկանալի պատճառներով չպատասխանեցի նրան, բայց հիմա պատասխանում եմ Ձեզ. ընթերցանությամբ և կրթվելով, ռազմական աշխարհը ուսումնասիրելով, տակտիկա ու ստրատեգիա սովորելով, ինչ-որ բաներ ստեղծելով ու արարելով, մի քիչ ավելի շատ հանգստանալով ու հոգնած տեսք չունենալով, ճիշտ սպորտային կեցվածք ձեռք բերելով: Բայց ոչ խոտ կամ ձյուն քերելով, պարո՛ն Նախարար, իրոք զավեշտալի է: Ընկերներիցս մեկը պատմում է,որ իրենց զորամասում, աշնանը կանգնեցնում էին ծառերի տակ և հրամայում թույլ չտալ թափվող տերևներին գետին հասնել, հրապարակը պիտի մաքուր մնա: Այսպե՞ս ենք հարգում մեր պաշտպանին: 5. Աշխատա՞նք, թե՞ կյանք Այս վերջին հարցը, որին ուզում եմ անրադառնալ, շատ հաճախ է շոշափվում և շատ տարբեր մտավորականների կողմից: Դա մեր սպաների և սպայական դպրոցների մասին է: Սա այն դարբնոցն է, որտեղ ճիշտ աշխատանք տանելու դեպքում, դուք աննկարագրելի տարբերություն կտեսնեք: Կուրսանտը, բացի ֆիզիկական տվյալներից և միջավայրին հարմարվելուց, այդ չորս տարիների ընթացքում պիտի դառնա ավելի գրագետ, քան ցանկացած բուհում են դառնում: Քանի որ ուրիշ բուհերում ավարտած մարդիկ դառնում են մասնագետներ, որոնք աշխատում են իրենց մասնագիտությամբ, իսկ սպան չի գնում աշխատանքի, նա ապրում է այդ կյանքով և ապրեցնում ուրիշներին: Այդ չորս տարվա ընթացքում, նա պետք է դառնա հրամանատար, որը պետք է զինվորներից մասնագետներ կերտի: Այո՛, այդ երկու տարիների ընթացքում զինվորը պետք է ամբողջությամբ մասնագիտանա, ո՛չ թե նեղ, այլ ամենալայն իմաստով: Ես այսպես եմ հասկանում Ձեր կողմից հաճախ օգտագործվող «Ազգ-Բանակ» արտահայտությունը: Պարո՛ն Նախարար, ես այս ամենը գրում եմ Ձեզ, ո՛չ թե հեգնանքով, այլ մեծ ցավով: Ինքս ծառայությունը ավարտել եմ երեք տարի առաջ և անտրտունջ տարել եմ բանակի բոլոր թերությունները՝ հավատացած լինելով, որ այն մեր խաղաղության միակ հովանավորն է և դեռ նոր է վերածնվել: Որպես ապացույց՝ նշեմ, որ Ձեզ գրում էր հրետանային գնդի նախկին սերժանտ, «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանի արժանացած մի շարքային Հայ: Հարգանքներով, Գեղամ Օհանյան:

пятница, 12 мая 2017 г.

ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ԲԱՐԻՆ Է


Ա
-Պապի′կ, ինձ շուտ ասա քո երկարակեցության գաղտնիքները: Ինչո՞ւ ես ժպտում: Ես ուղղակի զարմանում եմ, ո՞նց ես այդքան ձգել, ես դեռ երեսուն տարեկան եմ ,արդեն սկսել եմ դեղեր խմել,նյարդերս չեն հերիքում. մի կողմից դժվար ապրուստը, մի կողմից չարությամբ լցված մարդիկ, մյուս կողմից երկրի ողբալի վիճակը, անտանելի դժվար է, երևի մեկնեմ երկրից, ոտքի կանգնեմ ու վերադառնամ, որ կարողանամ ինչ որ բան անել: 
- Հայ′կ, գիտե՞ս քանիսին եմ տեսել,որ գնացել են այդ նպատակով: Նրանք գնում են հարստանալու, որովհետև տեսնում են, որ այստեղ փողն է իշխում, բայց երբ հարստանում են, տեսնում են,որ կրկին ոչինչ փոխել չեն կարող և չեն վերադառնում:
- Ես նրանց նման չեմ: Հիմա ի՞նչ, չես ասո՞ւմ երկարակեցությանդ գաղտնիքը, ծերու՛կ:
-Ես այն պատմել չեմ կարող, միայն կարող եմ ցույց տալ, բայց դժվար թե այդքան ժամանակ ու նյարդեր ունենաս, որպեսզի ցանկանաս գնալ և տեսնել:
- Էլի սկսեցի՞ր հանելուկներով խոսել, ասա՛,տեսնեմ` ի՞նչ կա մտքիդ: 
- Իմ երկարակեցության գաղտնիքը պահված է հեռու լեռներում, այնտեղ մի քարի վրա անհիշելի ժամանակներից գրված է, թե ինչպես երկար ապրել: 
- Ձեռք ես առնում հա՞, մեծ մարդ ես, ասա՛, ի՞նչ է գրված այդ քարին: 
- Ամենևի՛ն, եթե չես հավատում, խնդիր չէ, բնական է... Ես չեմ կարող ասել, դա խոսքով ասելու չէ,դա միայն կարելի է կարդալ...
- Ավտոմեքենայով հնարավո՞ր է հասնել այդ քարի մոտ: 
- Ո՛չ,ավտոմեքենան այնտեղ անելիք չունի:
- Ո՞նց հասնեմ ապա, ասա՛...
- Դա քեզնից չորս օր և երեք գիշեր կխլի, ճամփան երկար է ու վախենամ` ո՛չ ժամանակդ, ո՛չ ֆիզիկականդ չներեն այդ ուղևորության համար, բացի այդ փորձ էլ չունես:
- Որտե՞ղ է դա:
- Գեղամա լեռնաշղթայում է. պետք է բարձրանաս Գեղարդի կողմից, և քանի որ դժվար է ձորից բարձրանալը, այնտեղ մի քարանձավ կա՝ Չիթոյի տունը, առաջին գիշերդ կանցկացնես այնտեղ, երկրորդ օրը կքայլես Վիշապների լճի մոտ՝ դեպի հյուսիս, այնտեղ կհարցնես Սև սարի ճամփան: Երկրորդ օրը կգիշերես Սև սարի լանջին: Երրորդ օրը կբարձրանաս Սև սարը և հակառակ կողմից կարմիր ավազներով կիջնես լեռը ու կքայլես մինչև չքնաղ Ակնա լիճ, որտեղ էլ կգիշերես: Առավոտյան քեզ ցույց կտան, թե ինչպես իջնես Ծաղկաշեն,որտեղից արդեն հանգիստ կարող ես վերադառնալ տուն:
- Շատ գրավիչ անվանումներ են, հայրիկը պատմել է, որ արշավական ես եղել և օրերով անհետացել ես: Իսկ քարը որտե՞ղ է:
- Եթե դու գնաս քարին ընդառաջ, նա ինքը կգտնի քեզ... 
- Չէ՛, դու հաստատ ծաղրում ես ինձ: Ի դեպ, լավ էլ ստացվում է,ասեմ` իմանաս:
- Մարդիկ տեսնում են այն,ինչին հավատում են և ոչ հակառակը: Տիեզերքը շատ է մեծ և շատ բան ունի, միայն թե յուրաքանչյուրը տերն է նրան, ինչին հավատում է, մեկը՝ փողի,մեկը՝ հեղինակության,մյուսն էլ՝ երազների: Այնպես որ, հավատալու կամքը քոնն է,ես ընդամենը պատասխանեցի քո հարցերին...
Բ
Պապիկի հետ զրույցը մի քանի շաբաթ մտքիցս դուրս չէր գալիս,Նրա ասածը կարծես հեքիաթ էր՝ վերցրած ինչ-որ արկածային գրքից: Ամաչում էի պատմել որևէ մեկին, որ չմտածեին թե խելագարվել եմ, բայց մտքիցս էլ դուրս չէր գալիս: Առավոտյան զանգեցին, ասացին որ պապիկը մահացել է… Ահավոր պակասեցի ինքս ինձանից: Ճիշտն ասած այդքան էլ հաճախ չէի հանդիպում նրան, բայց մեծ հաճույք էր նրա հետ մտքեր փոխանակելը, մեծ էր նա... Մի տեսակ հոգևոր կապ կար նրա հետ, ես նրա միակ թոռնիկն էի,որ ապրում էի այստեղ՝ հայրենիքում, մյուսները ընտանիքներով դրսում էին: Շատ էր սիրում ինձ, չնայած առանձնապես չէի տարբերվում մնացածից: Բայց ես նրան սիրելու լիքը պատճառներ ունեի, և չնայած իննսունին էր մոտենում, բայց նրա կորուստը անսպասելի էր ու շատ ցավալի: Հուղարկավորության արարողությունից մի քանի օր անց տատիկս ինձ ասաց, որ պապիկը նամակ է թողել ինձ և խնդրել որ այն բացեմ միայն քարի մոտ: Տատիկս փոխանցեց ծրարը և հարցրեց, թե ինչ քարի մասին է խոսքը, ես լռեցի և դուրս եկա… Ծրարը չբացեցի, ու ինքս ինձ արդեն խոստացել էի, որ պիտի գնամ ու գտնեմ քարը, բայց ինձ արդեն ավելի շատ պապիկիս նամակն էր հետաքրքրում, քան՝ քարը: Սպասեցի տաքերը ընկնեն, որ դուրս գամ այդ հեքիաթային ճանապարհորդությանը: Արշավական ընկերներիս խորհրդով ինձ ուսապարկ, վրան, քնապարկ և մանր-մունր մի քանի բան գնեցի, որ այնտեղ պիտի պետք գար: Քարտեզով ուսումնասիրում էի այն երթուղին, որը նա գծել էր իմ մտքում: Հուլիսի վերջերն էր, երբ արձակուրդ վերցրի աշխատանքի վայրից ու ընկա ճամփա:
Գ
Գնացի Գեղարդ: Վանքը արտասահմանցիներով էր լցված, բոլորը պատերն էին շոշափում՝ քանդակները, բուժիչ ջրի մոտ անեզր հերթ էր գոյացած, իսկ բակում անարդար վեճ էր ընթանում, կարծես,քահանան բարկանում էր ինչ-որ երեխաների վրա, ովքեր ազգային երգ ու պարով էին լցրել տարածքը: Իսկ ես կանգնած քիչ հեռվում սառած հայացքս ուղղել էի վանքին, չէի կարողանում պատկերացնել` ո՞նց են ժայռից ստացել այս հրաշքը: Մի ծերունի էր անցնում, իմացա որ տեղացի է, անմիջապես հարցրեցի` արդյո՞ք գիտի` ինչպես հասնեմ Չիթոյի տներ կոչվող քարանձավը: Նա լայն ժպտաց և մատը տնկեց դիմացի անտառոտ ժայռերը: Երբ հարցրի ծիծաղի պատճառը, ասաց, որ վաղուց է` արդեն իրեն չէին հարցրել այդ քարանձավի տեղը, և կարծում էր, որ էլ այնտեղ գնացող չի լինի:
Անցա Ազատ գետի վրայով և սկսեցի չափչփել դեպի քարանձավը: Անտառը շատ ցածր էր և փշոտ, ծառերից թելերով ինչ-որ շերամանման միջատներ էին կախված, այնքան շատ էին. կարծես վարագույր լիներ: Ինչպես պապիկն էր ասել, իրոք շատ դժվար էր, մանավանդ ինձ համար, երբ փորձ չունեի տասնութ կիլոգրամն ուսերիս այդքան քայլելու: Դժվարությամբ գտա քարանձավը. ժայռի վրա փորած երկհարկանի հրաշք էր՝ թաքուն պախկված բոլոր կողմերից: Երբ հասա, դեռ մեկ ժամ կար մթնելուն: Գնացի` փայտ հավաքելու, երեկոյան վառեցի խարույկը, հաց կերա, մի քիչ նստեցի, հետո աչքս կպել էր հոգնածությունից: Երբ արթնացա, շատ ցուրտ էր, խարույկը մարել էր և ծխում էր կամաց, աչքս ընկավ աստղերին, կանգնեց ակնթարթը, հրաշք էր երևի, այդ պատկերը լրացնում էր ջրի ձայնը, որ ներդաշնակ ու անընդհատ համբուրում էր քարերին: Քարերի՜ն, քարերի՜ն, միանգամից հիշեցի պապիկի քարը,այն քարը, որը պետք է գտնեի...
Ցուրտ էր, կրկին վառեցի խարույկը, բացեցի քնապարկը ու շուտ մտա մեջը, քարանձավում հարկ չկար վրանը բացազատելու: Հրաշք էր քարանձավում անցկացրած գիշերը: Առավոտյան ինձ արթնացրին փոքրիկ թռչունները, որոնք լավաշի փշրանքներ էին գտել խարույկի հակառակ կողմում: Նախաճաշեցի ու շուտ ճամփա ընկա, երկրորդ օրը պիտի շատ քայլեի, բայց արդեն բարձրադիր դաշտերի միջով:
Դ
Վերջապես,շատ քայլելուց հետո հասա Վիշապալիճ,կամ ոնց պապիկն էր ասել Վիշապների լիճ: Այնտեղ մի գեղեցիկ Վիշապաքար էր կանգնեցված: Անմիջապես վազեցի մոտը՝ մտածելով, որ պապիկի ասած քարն է, սկսեցի վրան գրվածքներ ման գալ, բայց չէ, չգտա: Ճաշեցի ու սկսեցի քայլել դեպի Սև սար, հովիվները ասացին, որ ձախով գնամ: Պարզվում է` Սև սարը հռչակավոր Աժդահակն է, և պապիկը տեղացիների տված անվանումով էր կոչել նրան: Սարն իրոք Սև էր,արդեն ինքս համոզվեցի, երբ լանջին էի: Մութն ընկնում էր, շուտ բացազատեցի վրանը և խարույկի համար սկսեցի չոր աթար հավաքել: Արևի մայր մտնելուն պես ահավոր ցրտեց, կարծես ձմռանը վերարկուդ հանեին հագիցդ: Շուտ տաքացրեցի հովիվների տված կաթը, որ ստիպեցին վերցնեմ, և խմելուն պես մտա վրանը: Վրանում տաք էր, քնեցի: Առավոտյան շատ վաղ արթնացա, կրկին շատ երկար պիտի քայլեի և ժամանակ չկար հապաղելու: Թեյեցի, հավաքեցի ուսապարկս ու քայլեցի դեպի վեր՝ դեպի Սև Սարի գագաթ: Գագաթում փառահեղ էր, ես նման բան չէի տեսել, չգիտեմ` ինչպես նկարագրեմ առավոտյան այդ հրաշքը: Ամպերը արագ անցնում էին գլխիս վրայով և արտացոլվում գագաթին գտնվող չքնաղ լճակի մեջ, որը թե՛ հայելի էր, թե՛ թագ այդ հսկայի գլխին: Երբ զարթնեցի այդ պատկերից,սկսեցի շուրջս քար ման գալ,որի վրա գրվածք կլինի,բայց չգտա: Անկեղծ ասած, ժամանակ էլ չկար երկար փնտրելու, մի կտոր հաց կերա ու սկսեցի իջնել հակառակ կողմից, ինչպես նա էր ասել կարմիր ավազների վրայով: Սկզբում թեքությունը ահավոր վախեցրեց, բայց իջնելիս ավազները օգնում էին չընկնել: Իջա լեռը ու կրկին լեռնային լճակներ դիմավորեցին ինձ, նրանց միջով պետք է անցնեի և երկար քայլեի դեպի Ակնա լիճ:
Ե
Երեկոյան հասա լճի մոտ, կրկին աննման պատկեր էր. այդքան մեծ լիճ այդքան բարձրության վրա. մի տեսակ հզոր էր: Արդեն մութն էր վրա հասնում, բացազատեցի վրանը, շատ էի հոգնած, առանց խարույկ վառելու մի կտոր հաց կերա ու քնեցի: Առավոտյան լճի մոտ քար էի փնտրում գրվածքներով, արդեն վերջանում էր ճամփաս, իսկ ես քարը չէի գտել: Հուսահատ վերադարձա, ուսապարկս հավաքեցի, ու մի կածան կար, այդ կածանով քայլեցի դեպի հյուսիս, որը պիտի ինձ տաներ Ծաղկաշեն գյուղ: Այո՛, Ծաղկաշենի կածանն էր, այնտեղից մի բարի, հյուրասեր հացառատցի իր ավտոմեքենայով հասցրեց Գավառ, որտեղից արդեն վերադարձա Երևան: Երեկոյան տանն էի: Գիշերը զարմանալիորեն չկարողացա քնել, որքան էլ որ հոգնած էի: Մի միտք էր տանջում,թե ինչպես չկարողացա գտնել այդ քարը, ինչպես բացեմ ծրարը: Գուցե՞ պապիկը կատակում էր քարի վերաբերյալ, բայց չէ, այդ դեպքում նամակի փաստը անբացատրելի է: Մի քանի օր շրջագայության ազդեցության տակ էի, կարծես երազ լիներ, այդ մաքրությունն ու վեհությունը մտել էր մեջս, անընդհատ կանչում էր իր մոտ: Կարծես առյուծ կտրած լինեի, ընկերներս ինձ չէին ճանաչում, մի տեսակ ամեն ինչին խորությամբ էի մոտենում: Ինչ-որ բան էի ուզում անել, ինչ-որ մեծ բան, բայց չէի հասկանում` ինչ, ասես ինչ-որ նպատակ էր պակասում ինձ: Մի քանի օր անց ծրարը ձեռքիս գնացի պապիկիս շիրմի մոտ, երևի ուզում էի վերադարձնել նամակը ու ասել, որ արժանի չեմ դրան, քանի որ չեմ գտել քարը: Շիրմի մոտ երկար նստեցի, բայց ծրարը հանձնել չկարողացա, իմ մեջ կուտակված այդ ուժը կարծես ստիպեց ինձ բացել և կարդալ: Բացեցի…
Զ
Տղա՛ս, իմ անո՛ւշ Հայկ, եթե կարդում ես այս նամակը, ուրեմն անցել ես իմ ասած ճամփով, քանզի վստահ եմ, որ հակառակ դեպքում երբեք չէիր բացի ծրարը: Այդ անկեղծությունն եմ գնահատում քո մեջ, որ արդար ես ոչ թե ուրիշներին արդարությունդ ապացուցելու համար,այլ նաև երբ մենակ ես ինքդ քեզ հետ: Ափսո՛ս, դրա պակասը կա իմ մյուս թոռների մեջ: Եթե կարդում ես, ուրեմն կտրել ես Գեղամա լեռնաշղթան և քայլել ես գրեթե վաթսուն կիլոմետր: Անցել ես անտառով, ձորով, գիշերել ես քարայրում, քայլել ես անծայրածիր կանաչ դաշտերով, անհամար լեռնային լճերի կողքով, խմել ես արդար հովվի տված կաթը կամ մածունը, բարձրացել ես Սև սարը և տեսել, թե ինչպես է երկինքը պատճենում իրեն լուսապսակ թագի վրա, ամբողջ ընթացքում խմել ես մաքրամաքուր ջուրը, որ նորից է ծնվում այնտեղ, չափչփել ես մեծ ու փոքր քարերի վրայով և անցել լեռնաշղթայի հակառակ կողմը: Դու քար ես փնտրել երևի, բայց եղել ես վանքում որ քարից էր, քնել ես մեծ քարի մեջ փորված քարայրում, անցել ես վիշապաքարերի մոտով, որ քո ազգի իսկական անձնագիրն է, բարձրացել ես Սև սարը, որի մի կողմում սև, իսկ հակառակ կողմում կարմիր քարեր են, այնուհետև երկար քայլել ես մեծ քարերի միջով: Եվ ահա դու քայլել ես նրանց միջով,իսկ նրանք եկել են քեզ ընթառաջ:
Տղա՛ս, եթե ես քեզ ասեի, թե ի՞նչն է ինձ ստիպել այդքան ապրել, դու չէիր հավատա, բայց հիմա կարող եմ ասել: Սերը դեպի իմ մաքուր հայրենիքը, այն հայրենիքը, որտեղ բարին է, այո′, նա կա, նա սարերում է, բայց նախ մեր մեջ, ուղղակի պետք է հավատալ դրան: Ես ապրել եմ երկար սպասումով, որ կտեսնեմ իմ ազգը մաքրված, բարի, վեհ գաղափարներով լցված և, վերջապես, իմ հայրենիքի մյուս հատվածը՝ ազատած: Բայց փոխարենը տեսել եմ երկիրը լքող զավակներ, թոռնիկներ, տեսել եմ թալանված ու պղծված պետություն, տեսել եմ կիսատ հայրենասերների և կիսատ արդարապաշտների, տեսել եմ նրանց, ովքեր պատրաստ չեն զոհաբերման, այո՛, զոհաբերում, աշխարում ոչ մի գումարներով չի կարելի երկիր կառուցել, հայրենիքը նվիում է պահանջում: Եվ ահա իմ միակ հույսը, իմ միակ շառավիղը, իմ կյանքի մայրամուտին ինձ հարցրեց՝ ինչպե՞ս եմ այսքան երկար ձգել: Պատասխանում եմ, տղա′ս.«Քեզ էի սպասում, որ կտակեմ Հայրենիքս,որն արդեն սրտիցդ հանել չես կարող»...
_____________________________________________
Հեղինակը՝ Գեղամ Օհանյան
Խմբագրեց՝ Սոսե Անանյանը
Պատմվածքում նշված բոլոր վայրերը իրական են

среда, 15 марта 2017 г.

Մարդիկ զոհեցին իրենց կյանքը հանուն հայրենիքի, այսօր գրեթե բոլորը զլանում են ապրել հանուն նույնի: Քաղաքական մուլտֆիլմեր դիտելու փոխարեն, ամենքդ ձեր մեծ ու փոքր շրջապատները կարգավորեք, կրթվե՛ք, անվերջ կրթվե՛ք: Զարգացե՛ք, որ հասկանաք վերջապես, կեղծիքով ու քենով ՏՈՒՆ չեն կառուցում, քամուց կփլվի: Տուն կառուցելու համար աշխատանք ու սեր է պետք, ոչ թե դիվանագիտություն:
Սովորեք սիրել ու մաքառել, որ չվող երամների շարքերը չլրացնեք: Սովորեք հեռավոր, շատ հեռավոր նպատակներ ունենալ, որ ձեր կյանքի մայրամուտով չչափեք հայրենիքի կառուցման վերջը: 
Դժվար է գուցե, բայց ով ասաց, որ պետք է հեշտ լիներ...