Հարգարժա՛ն պրն. նախարար, նախ, մինչև նկատելի խնդիրներին անրադառնալը, ցանկանում եմ շնորհավորել հայ ռազմիկի տոնը և շնորհակալություն հայտնել ՊՆ նախարարությունում աշխատող բոլոր անձնվեր սպաներին,ենթասպաներին և զինվորներին:
Ստորև կներկայացնեմ մի քանի նկատելի ու շատ կարևոր խնդիրներ, որոնց լուծման դեպքում բանակում նկատելի փոփոխություններ կլինեն:
1. Լեզվաբանական խնդիրներ
25 տարիների ընթացքում այս ոլորտը քիչ է ուսումնասիրվել և աննկատ է մնացել: Ցավոք՝ մեր բանակում շատ տերմիններ մինչ օրս սովետական՝ ռուսական բանակի թարգմանություններն են, ինչը սխալ է: Բերեմ ընդամենը մեկ օրինակ, բայց դրանք բազմաթիվ են:
Մեզ մոտ պատերազմը ազդարարում են «Տագնապ» բառով, որը թարգմանություն է ռուսերեն «тревога» բառից:«Տագնապ» բառին հոմանիշ են «իրարանցում»,«խուճապ» բառերը: Մի՞թե պատերազմ սկսելու դեպքում մենք պիտի խուճապի մատնվենք, շատ տարբերակներ կան, որոնք և՛ հայերեն են, և՛ ավելի համապատասխան, օրինակ. «Ի՛ զեն», «Մարտակոչ» և այլն: Ի դեպ՝ այսօր բանակում, տագնապ ազդարարելիս, հենց տագնապ էլ սկսվում է:
Նույն ազդանշանը տրվում է «Արենա»-ով, կրկին ռուսերենից և կրկին խուճապի մատնող, մինչդեռ ռազմիկին պատերազմի տանող ավելի հնչեղ ու վեհ ազդանշաններ կարող են լինել, օրինակ՝ թմբուկի բամբ ձայները , կամ որևէ ռազմապարի համահունչ մեղեդի, որը կարթնացնի զինվորի մեջ ո՛չ թե խուճապ, այլ ոգեղենություն: Ինչո՞ւ չվերագտնենք մեզ, չէ՞ որ այդպես ավելի մարտունակ կլինենք:
2. Զինվորի սնունդը:
Ամեն անգամ այս հարցին անրադառնալիս՝ գալիս ենք նրան, որ բանակի սնունդը համապատասխանում է բանակի բյուջեին, և, իրավ, այդպես է: Բայց բոլորս էլ ապրում կամ ապրել ենք այդ իրականության մեջ և բոլորս էլ կարող ենք փաստել, որ զորամասերի ճաշարանների ահռելի քանակությամբ մնացորդները բարձրաստիճան սպաները օգտագործում են զորամասերին կից ստեղծած իրենց փոքրիկ ֆերմաներում՝ որպես անասնակեր: Եվ ակամա հարց է ծագում, ինչո՞ւ զորամասերը իրենց կից չեն ստեղծում փոքրիկ ֆերմաներ, որտեղ կարտադրվի թարմ սննդամթերք, և զինվորը չի մնա շտաբից եկող սառեցրած և պահածոյացված մի բուռ մթերքի հույսին: Եթե անկեղծ լինենք, այդ ֆերմայում կարող են ծառայել հաստիքով այն տղաները, որոնք պիտանի չեն շարային ծառայությանը և այդ ֆերմայի գոյությունը գրեթե անվճար կլինի և անգամ բանակի բյուջեն կհամալրվի այն գումարներով, որով հիմա ենք կերակրում զինվորին:
Առողջ սնունդը կարևոր նախապայման է առողջ զինվոր ունենալու համար:
3. Զինվորի հագուստը և կացարանը:
Զինվորի հագուստն իր արտաքին տեսքն է, որով նա ներկայանում է իր զինակիցներին և հետևաբար նրա տգեղ կամ ոչ կոկիկ լինելը (ինչը բնավ կապ չունի մաքուր լինելու հետ), զինվորին թերարժեքության զգացում է հաղորդում: Եթե մենք ցանկանում ենք, որ մեր զինվորը լինի վեհ ու հպարտ, ապա պիտի նրան ապահովենք հարմարավետ և գեղեցիկ հագուստով:
Ինչ վերաբերում է կացարանին, վերջինս նույնպես անմիջական առնչություն ունի զինվորի լիարժեքության զգացումի հետ և կապ չունի, թե ով ինչ տնից է գալիս, զինվորի տունը երկու տարի պետք է լինի զինվորին վայել:
4. «Պարապ զինվորը հանցագործ է»
Այս կարգախոսը գործում է բոլոր զորամասերում և ուղղակի զավեշտալի է: Գիտե՞ք՝ մեզ ծառայության ժամանակ շատ հաճախ ամռանը տանում էին բահով խոտ քերելու, և մենք շաբաթներով խոտ էինք քերում: Երբ մի անգամ համարձակվեցի հարցնել հրամանատարին, թե կարող ենք արդյոք քաղաքից դեղ խնդրել, որը կդադարեցնի խոտի աճը, նա ինձ պատասխանեց, թե այդ դեպքում մենք ինչո՞վ պիտի զբաղվենք: Ես հասկանալի պատճառներով չպատասխանեցի նրան, բայց հիմա պատասխանում եմ Ձեզ.
ընթերցանությամբ և կրթվելով,
ռազմական աշխարհը ուսումնասիրելով,
տակտիկա ու ստրատեգիա սովորելով,
ինչ-որ բաներ ստեղծելով ու արարելով,
մի քիչ ավելի շատ հանգստանալով ու հոգնած տեսք չունենալով,
ճիշտ սպորտային կեցվածք ձեռք բերելով:
Բայց ոչ խոտ կամ ձյուն քերելով, պարո՛ն Նախարար, իրոք զավեշտալի է: Ընկերներիցս մեկը պատմում է,որ իրենց զորամասում, աշնանը կանգնեցնում էին ծառերի տակ և հրամայում թույլ չտալ թափվող տերևներին գետին հասնել, հրապարակը պիտի մաքուր մնա: Այսպե՞ս ենք հարգում մեր պաշտպանին:
5. Աշխատա՞նք, թե՞ կյանք
Այս վերջին հարցը, որին ուզում եմ անրադառնալ, շատ հաճախ է շոշափվում և շատ տարբեր մտավորականների կողմից: Դա մեր սպաների և սպայական դպրոցների մասին է:
Սա այն դարբնոցն է, որտեղ ճիշտ աշխատանք տանելու դեպքում, դուք աննկարագրելի տարբերություն կտեսնեք: Կուրսանտը, բացի ֆիզիկական տվյալներից և միջավայրին հարմարվելուց, այդ չորս տարիների ընթացքում պիտի դառնա ավելի գրագետ, քան ցանկացած բուհում են դառնում: Քանի որ ուրիշ բուհերում ավարտած մարդիկ դառնում են մասնագետներ, որոնք աշխատում են իրենց մասնագիտությամբ, իսկ սպան չի գնում աշխատանքի, նա ապրում է այդ կյանքով և ապրեցնում ուրիշներին: Այդ չորս տարվա ընթացքում, նա պետք է դառնա հրամանատար, որը պետք է զինվորներից մասնագետներ կերտի: Այո՛, այդ երկու տարիների ընթացքում զինվորը պետք է ամբողջությամբ մասնագիտանա, ո՛չ թե նեղ, այլ ամենալայն իմաստով: Ես այսպես եմ հասկանում Ձեր կողմից հաճախ օգտագործվող «Ազգ-Բանակ» արտահայտությունը:
Պարո՛ն Նախարար, ես այս ամենը գրում եմ Ձեզ, ո՛չ թե հեգնանքով, այլ մեծ ցավով: Ինքս ծառայությունը ավարտել եմ երեք տարի առաջ և անտրտունջ տարել եմ բանակի բոլոր թերությունները՝ հավատացած լինելով, որ այն մեր խաղաղության միակ հովանավորն է և դեռ նոր է վերածնվել: Որպես ապացույց՝ նշեմ, որ Ձեզ գրում էր հրետանային գնդի նախկին սերժանտ, «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանի արժանացած մի շարքային Հայ:
Հարգանքներով, Գեղամ Օհանյան:
Комментариев нет:
Отправить комментарий