суббота, 20 мая 2017 г.

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՔԵԶ՝ ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ...



 Ժողովո՛ւրդ, 26 տարի առաջ դու առաջին անգամ ընտրության էիր երկար, շա՜տ երկար ստրկությունից հետո: Դու միաձայն ընտրեցիր նրան, ով կանգնած էր քո առջև ու քեզ հրաշալի ապագա էր խոստանում… Եղավ պատերազմ, զավակներիդ կեսն արտագաղթեց, կեսը նստեց իր տանը՝ տաքացավ  ծառերը հատելով, որովհետև քեզ գեղեցիկ խոստումներ տվողը նախընտրեց հոսանքը հողին հանձնել, որ ինֆորմացված չլինես: Հիշու՞մ ես` որքան կանաչ կար Երևանում: Եվ զավակներիդ միայն մի փոքր հատվածը գնաց ընդդեմ թշնամու ու իր կյանքի գնով պաշտպանեց քեզ, տունդ ու պատիվդ: Կեսն  անմահացավ, կեսն էլ վիրավոր վերադարձավ ու անտեսվեց: Հաջորդ անգամ դու հագար քո վերնաշապիկն ու գնացիր ընտրության 1996 թվականին, դու քվեարկեցիր ի հակառակ քո նախագահի, ում ինքդ էիր ընտրել: Որովհետև ամեն ինչ վատ էր. գործարանները փակվել էին, հաստոցները՝ վաճառվել, ոչինչ չկար նորմալ կյանք կառուցելու համար, և դու կարծում էիր, որ ամեն բանի մեղավորն ինքն է: Բայց նա ուժ կիրառելով մնաց իր աթոռին և միայն երկու տարի անց որոշ ուժերի ճնշման տակ ինքնակամ թողեց պաշտոնն ու հեռանալիս ասաց, որ վատ է լինելու: Ղեկավարի այդ ծայրահեղ պատասխանատու պաշտոնը թողեց մեկ այլ մարդու, ով կտրուկ տարբերվում էր իր ձեռագրով ու մտածողությամբ: Բայց շարունակվեց երկրի գահավիժումը: Արցախյան հարցը դեռ մնում էր, տնտեսությունը տկար էր, արտագաղթը շարունակվում էր, իսկ մեր երկրի հարստությունները շարունակ վաճառվում էին ուրիշներին: Դու հակառակ քվեարկեցիր նաև նրան, բայց նա տասը տարի ուժով մնաց այդ աթոռին: 2008 թվականին դու հագար քո վերնաշապիկն ու գնացիր քվեարկելու այն առաջինին, ում դիմակը վաղուց պատռել էիր՝ մտածելով, թե ընտրում ես չարյաց փոքրագույնին, իսկ քո մյուս հատվածն իր ձայնը գրոշներով վաճառեց գործող իշխանությանը: Դրանից հետո դու ևս երկու անգամ մասնակցեցիր քվեարկության, որտեղ քեզ կրկին ու կրկին գնեցին գրոշներով: Եվ, ահա հիմա՝ ինը տարի անց, այն առաջինն ասում է, որ ներկա նախագահը ճիշտ արտաքին քաղաքականություն է վարում: Մինչդեռ դու տեսնում ես, որ մեր վիճակն օրըստօրե վատանում է: Դու այլևս չես հավատում ոչ ոքի, բայց շարունակում ես վաճառել ձայնդ, արտագաղթել ու ինչ-որ ուժերից ակնկալիքներ ունենալ: Այսօր ես կրկին տեսա քեզ վերնաշապիկ հագած՝ այս անճաշակ թատրոնին մասնակցելիս: Անկեղծանա՛մ, ես չմասնակցեցի՛ քվեարկությանը, ես մերժեցի՛ այս վաղուց կապկացած ընտրությունը: Ես իմ ձայնը վաղուց տվել եմ նրան, ով առավոտյան վեր է կենում ու գնում աշխատանքի իր արդար քրտինքով ապրուստը ապահովելու: Նրան, ով դեռ արցախյան շարժման տարիներից պայքարում է մեր երկրի կառուցման ու շենացման համար, բայց երբեք չի գովազդում իրեն: Իմ ձայնն ու սիրտը վաղուց այն վիրավոր հաշմանդամինն է, ով մարտի դաշտում իր արյունով պահում էր քեզ, երբ թաքնվում էիր կամ փախչում: Ես իմ ձայնն ու կյանքը նվիրել եմ գալիք սերնդին, ով պետք է գա ու մերժի քո թուլություններն ու անվայել պահվածքը, քո անվստահությունը սեփական ուժիդ նկատմամբ: Ես քվեարկեցի Հաց Բերողին, երբ դու մի կտոր հացի համար վաճառեցիր պատիվդ: Ես իմ ձայնը տվեցի այն երիտասարդներին, որոնք քո թափած աղբն ամեն օր հավաքում են լեռներից ու գետափերից, սրբատեղիներից: Ովքեր գումար են հայթայթում, որ քո հատած անտառներում գոնե մի քանի ծառ տնկեն` անձայն, լուռ: Նրանց, ովքեր փորձում են վերականգնել այն անարատ ու ոսկեղենիկ մշակույթը, երբ դու հացատներում քո խնջույքներին ուրախանում ես արաբաթուրքական ելևեջների ներքո: Նրանց, ովքեր երկար կանգնում են փողոցում մինչև կանաչ լույսը վառվի, երբ դու նրանց հրելով անցնում ես շտապելով, շտապելով մի փոքր էլ բարելավել քո կյանքը, քո փոքրիկ ես-ի կյանքը: Ճիշտ մեկ տարի առաջ այս օրը ինձանից ավելի երիտասարդ տղաներ իրենց կյանքով կրկին պահեցին քո պատիվը, որից հաշված օրեր անց դու մոռացար ու կրկին քեզ թաղեցիր սրճարանային ու փաբային ծխի մեջ: Ես վաղուց էլ չեմ վստահում քեզ, ո՛չ թե իշխանություններին, այլ` քեզ, քանի որ երբ դադարես այսպես ապրել, հաջորդ ակնթարթին այս իշխանությունը գոյություն չի ունենա: Ես իմ ձայնը տվել եմ իմ գաղափարակիցներին, իմ ազնիվ պայքարող զինակիցներին, կառուցող, արարող, բարին տվող ու սնող ԱԶԳԻՆ, ժողովո՛ւրդ:


Комментариев нет:

Отправить комментарий