пятница, 4 августа 2017 г.

Ձեր անհոգ աչքերը...




Երիտասա՛րդ... Այսօր նայում եմ քո աչքերին և մեր վաղը վտանգված եմ տեսնում: Որքա՜ն ըմբոստություն ու կրակ կա քո աչքերում, ըմբոստություն, որ ինքդ էլ չգիտես թե ում է ուղղված և ինչի համար: Այսօր քեզ շղթայել են ազատություն կոչվող կապանքներով և դու ինքդ ավելի ու ավելի ես մխրճվում այդ շղթաների մեջ՝ չգիտակցելով դրանց կործանիչ, ավերիչ լինելը: Դու կարծում ես, որ այդ գռեհիկ ազատությունն է մարդկության ապագան, մինչդեռ Լյուցիֆերի զորքը երկար, շատ երկար է ջանացել, որ դու այդպես կարծես: Ազատություն, որ վաղուց դուրս է բնական ազատությունից, ազատություն որ իր մեջ չի պարունակում տիեզերական ներդաշնակություն, ազատություն որ բերում է անվերջ մասնատման: Մտածողություններ են մասնատել այդ ազատությամբ, հասել են ընտանիքին, արդեն տասնամյակներ շարունակ այդ ազատությունը ընտանիքներ է կործանում։ Մինչև անգամ այսօր ներխուժել են մեր ներսը և մեզ ներսից են փորձում կիսել, մասնատել: Քեզ զրկել են իդեալներից, իսկ դու չգիտես անգամ, թե ինչի համար են այդ իդեալները: Այսօր դու փորձում ես նմանվել ինչ-որ արհեստական կերպարների, կամ փորձում ես տարբերվել մյուսներից՝ անվերջ փնտրելով միջոցներ, միջոցներ, որոնք քեզ կդարձնեն յուրօրինակ, բայց արդյո՞ք կերջանկացնեն քեզ: Արհեստական խնդիրներով քո աչքերը կապել են վաղուց, որ չտեսնես քո իրական խնդիրները: Դու չունես հստակ կյանքի փիլիսոփայություն, որով պիտի առաջնորդվես քո անհատի կյանքը կառուցելիս: Մի «լավ» միտք են առաջ քաշել, թե ամեն ոք իր սեփական փիլիսոփայությունը ունի: Եվ այս միտքը կրկնում է փողոցում քայլող մարդկանցից ամեն երկրորդը՝ չիմանալով փիլիսոփայության, ասել է թե իմաստասիրության իմաստն ու նպատակը: Եվ ո՞րն է այդ նպատակը, որ կարող է բոլորիս համար ընդհանուր լինել, միթե՞ այս դարում կարելի է գտնել նման մի նպատակ: Փաստորեն կարելի է, քանզի աստվածային՝ տիեզերական, օրենքներն ու նպատակները ո՛չ ծերանում են, ո՛չ իմաստազրկվում: Ժամանակը անզոր է ինչպես նրանց, այնպես էլ նրանցով առաջնորդվող հոգիների հանդեպ: Մեր բոլորիս գերնպատակը պիտի լինի զարգացումն ու ինքնակատարելագործումը: Մի բան, որ իր մեջ ներառում է անհատի ճշմարիտ վերելքը և ձեռք բերածը ընդհանուր բարօրությանը ծառայեցնելու աստվածային կարողությունը: Զարգացում ինքնահաղթահարման ճամփով, և ոչ երբեք ինքնաբավարարվածության: Սեփական թուլությունների ու ակնթարթային հաճույքների հաղթահարումը մեզ անվերջ ուղեկցում է դեպի վեր, իսկ դրանց բավարարումն ու հագեցումը, մեզ ավելի ու ավելի խոցելի և թույլ է դարձնում, ընդհատում է մեր վերելքը: Եվ, ահա՛, այսօր մեզ սովորեցնում են և հնարավորություն են տալիս դյուրին կերպով հագեցնել մեզ, ամեն օր, ամեն վայրկյան: Անգամ մեր մեջ ստեղծում են արհեստական կարիքներ, որոնց ստիպված ենք լինում կրկին ու կրկին բավարարել: Մեզ ասում են, որ կյանքը կարճ է, պետք է հնարավորինս վայելել, բայց կյանքը կարճ լինել չի կարող, քանի որ այն անհատելի է, իզուր չեն կոչել մարդկանց անհատներ, այսինքն չընդհատվող, անվերջ գոյություն ունեցող հոգիներ: Բայց այսօր մեր անհատությունը ուզում են փոխարինել վերջավոր մի անձով: Եվ երբ մարդուն, որ անմահ հոգի է և բազում կյանքեր է ապրում, զարգանում, կատարելագործվում այդ կյանքերի ընթացքում, կտրում են իր հավերժությունից և փորձում տեղավորել մի կյանքի մեջ՝ ամեն բան խախտվում է։ Թումանյանը պիտի գրեր՝
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ. Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ, Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:
Դու տեղյակ չես այս ամենից, բայց քո ուսերին այնպիսի ծանրություն կա դրված: Դո՛ւ պիտի կարգավորես քո ներսը, դո՛ւ պիտի կարգավորես քո շուրջն ու շրջապատը, դո՛ւ պիտի պաշտպանես քո տեսակը, քո տունը հերթական հարվածներից, դո՛ւ պիտի արդար վրեժի սուրը վերցնես ու քո հայրենիքը ազատես, վերադարձնես ու շենացնես: Եվ քո զենքը պիտի լինի ճշմարտությունն ու խոհեմությունը, անմնացորդ նվիրումը: Այս ամենի հետ մեկտեղ դու պիտի զորես համաշխարհային խնդիրներ լուծել, քանզի ճգնաժամի մեջ է ողջ մարդկությունը և այս ամենը պիտի անես դու, որ հիմա միամիտ ժպիտով կարդում ես ու խենթություն, հեքիաթ համարում այս ամենը: Եվ քանի այդպես կհամարես, շուրջդ անընդհատ աղետներ ու ավերածություններ կլինեն, որոնց համար պատասխանատու ես նաև դու: Բայց նայում եմ քո անհոգ աչքերին և …














Комментариев нет:

Отправить комментарий