понедельник, 28 августа 2017 г.

Խոսում է Հայրենիքը

Տղերք, ինձ արդեն քսանվեց տարի է ազատել եք կապանքներից, բայց այնպես եք չարչարում, որ չեմ կարողանում զարգանալ, հզորանալ:

Չնայած իմ մյուս կեսը դեռ չեք ազատել ու ես դեռ փոքր եմ, այդուհանդերձ իմ տված բարիքները քիչ ՉԵՆ: Բայց դուք այնպես եք լափում ու կեղեքում ինձ, որ չեմ հերիքում ձեզ, մինչդեռ կարող էի պահել երկու անգամ ավելի շատ մարդու: Դուք անասնաբար հատում եք անտառները, վերացնում կենդանիներին, ձկներին, թռչուններին: Դուք գրոշներով վաճառում եք հանքերը ուրիշներին, խախտում իմ բնության առողջ շրջանառությունը: Դուք ամբողջ մարմինս պատել եք աղբով, ամեն ծառի տակ խոզի պես պղծել եք ու հանգիստ խղճով հեռացել: Տանջահար եք արել դարերով եկած իմ մաքուր մշակույթը, նրա մեջ խառնելով քոչվորների անկիրթ ցածրականը: Օտարներից վերցնում եք միայն կենդանականը ու քանդողը: Դուք պղծում եք անգամ իմ անունը, օտար երկրներում, գողություն անելով, պահելով ձեզ լպիրշ ու չտեսի պես: Եվ ահա այսօր դուք բողոքում եք, որ ձմեռը ցուրտ էր ու չտեսնված երկար, ամառը շոգ էր ու չորային, անտառները վառվեցին: Բողոքում եք, որ տարօրինակ կերպով վթարները շատացել են, կրակում են հերոսներիդ արձաններին, օդը պխտորվել է, ջուրը անմաքուր է և այլն: Կներեք, բայց դուք իրո՞ք այդքան միամիտ եք, որ չե՞ք գիտակցում պատճառները: Ու՞ր պիտի գնար այդ կեղեքման բացասական էներգիան, ու՞ր պիտի չքանար այն ատելությունը, որ տածում եք անգամ միմյանց հանդեպ, ու՞ր... Այո սև ամպի նման կախված է իմ ու ձեր գլխին, և մի օր շատ ավելի վատ է լինելու, հավատացե՛ք: Միակ լույսը այս ամենի մեջ, այս նոր սերնդի հետ եկած ճշմարտությունն է, որ տեսնում եմ շատերի մեջ: Ես տեսնում եմ, մարդկանց, որ բարձրանում են իմ գագաթները ու շնչում ինձ, իրենց ամեն քայլով մաքրում ձեր թափած աղբը ամեն քարի ու թփի տակից, այնպես հոգատար: Ամեն սրբավայրից, որ աղտոտեցիք եսական ու կեղծ աղոթքով: Տեսնում եմ, ոնց են պայքարում ամեն մի ծառի համար, ամեն մի քարի: Ելքեր են փնտրում իմ ապագան ավելի գեղեցիկ դարձնելու համար: Տեսնում եմ, ոնց են դրոշս ծածանում օտար երկրներում, միջազգային մրցույթներին, մի տեսակ հպարտորեն: Տեսնում եմ, ոնց են իրենց կյանքը զոհաբերում, ինձ ու ձեր համար: Տեսնում եմ, ոնց են դպրոց գնացող շատ մանուկներ սկսում սիրել գիտելիքը, սիրով կրթվում: Տեսնում եմ, ոնց են վերակենդանացնում իմ հզոր պարերը, իմ կոմիտասյան մեղեդիները, իմ Սասմա ոգին: Տեսնում եմ անգամ, թե ինչպես են ոմանք դրսից բերում նաև լավ արժեքներ, նորը՝ կառուցող գաղափարներ ու ուսմունքներ: Եվ ահա փաստորեն մի Հայկի ու մի Բելի պայքար է գնում նաև իմ ներսում, աննկատ, բայց ահարկու: Վիրավոր արծվի նման փափագում եմ ՀԱՅԿԵՐԻ հաղթանակը, որ նորից ճախրեմ: Ձեզ եմ հաղորդում իմ մեջ մնացած ամբողջ ուժը՝ լեռներիս խրոխտությունը, ջրերիս մաքրությունը, քամիներիս երգը, դարերիս խորությունը, չծնկած պատիվս ու ինձ համար կյանքը տված հերոսների պատգամը. -Ես ուզում եմ, որ դու լինես թագավոր սերունդ: Քանի դեռ գետափին ես, տկար ես: Անցար, կեսար ես: Անցի՛ր, հա՛յ երիտասարդություն, անցի՛ր Ռուբիկոնը, որի հանդիպակաց ափին քեզ հաղթության դափնին է սպասում:

Комментариев нет:

Отправить комментарий