среда, 30 мая 2018 г.

Հայաստանի ամենաշահաբեր «հանքը» զբոսաշրջությունն է

Այսօր մեր երկիրը տնտեսական ճահճի մեջ է, դա գիտակցում ենք բոլորս: Մենք ունենք արտաքին մեծ պարտք, այո՛, մեր երկրի համար 7 մլդ դոլարը ահռելի մեծ թիվ է: Ի՞նչ ենք անելու մենք, ոտքի կանգնելու համար, գնալու ենք նո՞ր պարտքերի, թե՛ այլընտրանքային խելացի ու արագ լուծումներ ենք գտնելու:
Որպես արագ ու մեծ գումարների ներհոսք, նախորդ վարչակարգը ընտրեց հանքարդյունաբերությունը, ինչը սակայն բերում է երկրի կենսունակության կտրուկ անկման`
-Այն մեծ հարվածներ է հասցնում գյուղատնտեսությանը, գցելով գյուղմթերքի որակները թե՛ հողագործության ոլորտում, թե՛ անասնապահության:
-Անդառնալի ազդեծություն է թողնում բնակչության առողջության վրա, ինչը պրոեկտելով տնտեսական ճյուղի առանցքին, տեսանելի վնասներ ենք կրում ամենատարբեր ոլորտներում:
-Վնասվում է բնական հարստություն համարվող ջուրը, օդը, կենդանական աշխարհը և այլն:
Հանքարդյունաբերությունը անդառնալի հարվածներ է հասցնում նաև զբոսաշրջությանը: Այսօր Հայաստանում զբոսաշրջային կենտրոնները դա զգում են իրենց մաշկի վրա: Իսկ Զբոսաշրջությունը մեր ամենամեծ և ամենաեկամտաբեր «հանքն» է:  
Արդյո՞ք կգիտակցի սա և ի՞նչ քաղաքականություն կիրականացնի մեր նոր կառավարությունը, ինչպե՞ս կարող ենք նրան օգնել:


1. Հասկանալի է, որ նրանք չեն կարող գնալ կտրուկ քայլերի և դուրս գալ ներդնողների դեմ, իդեմս հանքագործների, անմիջապես կասեցնելով աշխատանքները: Ժողովուրդը պետք է գիտակցի, որ այստեղ հենց ինքը անելիք ունի: Պետությունը պետք է հանդես գա հաշտարարի դերում, բայց միայն ի օգուտ մեր հայրենիքի, նրա ապագայի ու նրանում ապրող քաղաքացիների: Եվ ահա, անկախ «թողնենք Նիկոլը աշխատի» կարգախոսի լայն տարածումի, պիտի առաջ քաշենք մի ավելի կարևոր կարգախոս՝ «օգնենք Նիկոլը աշխատի»:


2. Ամեն տարածաշրջան պիտի ինքնակազմակերպվի և առաջ բերի համապատասխան տարածքի զարգացման ուղիներն ու տեսլականը: Պետությունը պիտի աջակցի, ներգրավվի ներդրողներին համապատասխան բիզնեսների մեջ: Մենք ունենք այդ պոտենցիալը թե՛ ծրագրային, թե՛ կարողության դաշտում՝ 3. Հայաստանի ամբողջ տարածքը բաց թանգարան է, ամեն մարզ ունի հարյուրին հասնող մեծ ու փոքր հուշարձաններ՝ ամրոցներ, հնավայրեր, վանքեր ու մատուռներ: Ունի տարբեր բարձրությունների տարաբնույթ լեռնագագաթներ,  լեռնաշղթաներ, գեղեցիկ լեռնային ու անտառային լճակներ, աննման կիրճեր ու ջրային հարստություններ: Մեր պատմամշակութային հարստությունը մրցունակ է ոչ միայն տարածաշրջանում, այլ՝ ամբողջ աշխարհի մակարդակով:Դա են վկայում միջազգային տարբեր կազմակերպություններում գրանցված մեր նյութական և հոգևոր հարստությունները: Չմոռանանք, որ մեր տարածաշրջանը համարվում է նաև մարդկության հնագույն օրրաներից մեկը, ինչն արդեն գրավիչ է:

4. Մենք կարող ենք աղքատ հանքագործ փոքր երկրից վերածվել հարուստ զբոսաշրջային փոքր երկրի: Մեզանից ընդամենը պահանջվում է ճիշտ մարտավարություն ընտրել և մեկնարկել առանց հապաղելու: Զբոսաշրջության փոքրիկ աճը վերջին տարիներին գալիս է փաստելու, որ ինքը արդարացված, անվնաս ու եկամտաբեր ուղղություն է, եթե հիմքերը ճիշտ դրվեն: Մենք թիրախ պետք է ընտրենք, ոչ թե հարբեցող և զվարճություններ փնտրող օտարազգիների, այլ հակառակը, պետք է դառնանք կուլտուրական զբոսաշրջիկների ակտիվ և պասիվ հանգստի մեծ գոտի: Իսկ դրա բոլոր հիմքերը մենք ունենք, դեռ մի բան էլ ավելի:

Այն գյուղացին, որը արդյունավետ չի համարում գյուղատնտեսությամբ զբաղվելը և գերադասում է հանքում աշխատել կամ ծառ հատել, բոլորից լավ է գիտակցում իր հասցրած վնասները, թե՛ բնությանը, թե՛ ապագա սերունդներին: Նրանց պետք է հնարավորություն տալ մտնել նոր ոլորտներ, որոնցից ամենաշահավետը զբոսաշրջությունն է: Մենք ունենք նախադեպը որոշ քաղաքներում և գյուղերում, արդյունքը գրավիչ է: Այս ամենը հաշվի առնելով մենք պետք է շատ կարճ ժամանակում գեղեցիկ անցում կատարենք հանքային երկրից զբոսաշրջայինի: Դրա համար աննախադեպ հնարավորություն է ստեղծել նաև մեր թավշյա հեղափոխությունը: «Գնդակը մեր
դաշտում է»:
Նոր՝ անցումային կառավարությունը պիտի գիտակցի, որ միայն այս և մի քանի այլ ռազմավարական խնդիրներ լուծելու դեպքում կստանա ժողովրդի վերջնական վստահությունը և կշարունակի իր հաջող ընթացքը:


Հ.Գ.
Իմ խորին համոզմամբ կյանքն ու ապրելակերպը պիտի հիմք հանդիսանան, որ մարդը ցանկանա կրթվել, աճել ու զարգանալ, կառուցել ու շենացնել: Եթե մենք նրա կենցաղի մեջ չենք դնում վեր տանող արահետներ, իմաստ ու մշակույթ, նա մնալու է ծառահատ, հանքագործ, աղտոտող ու տեղում դոփող մեկը:

Իրական հեղափոխությունը պիտի սկսվի այստեղից...

Комментариев нет:

Отправить комментарий